News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է «Ոչ»-ի ճամբարին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հավանական համագործակցության մասին։

Տիկին Փոստանջյան, Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հարցազրույցով եւ հայտարարել, որ դեմ է Սահմանադրական փոփոխություններին։ Հնարավո՞ր է «Ժառանգությունն» այս հարցում համագործակցի երկրորդ նախագահի հետ։

Ռոբերտ Քոչարյանն այս գործընթացներում որեւիցե դերակատարություն չունի։ Եթե իր մեջ ինչ-որ փոփոխություններ են կատարվել, ցանկանում է, որ երկրում համակարգային փոփոխություններ լինեն, պատրաստ է այդ համակարգային փոփոխության համար ներդրում կատարել եւ հետ վերադարձնել ժողովրդից գողացված գույքը՝ դրանով իսկ հայցելով ժողովրդի ներողամտությունը, ողջունելի քայլ կլինի։

Ինքս չեմ կարծում, որ դրա համար է այս ամենը հայտարարել։ Ինքը մի բաղադրիչն է այս համակարգի, իր օրոք է այս համակարգը ավելի կարծրացել եւ ինքն անջատ չէ Սերժ Սարգսյանից։ Մինչդեռ «Ոչ»-ի ճակատը ոչ միայն օրենսդրական նախաձեռնության է վերաբերում, այլ ամբողջ համակարգին, ավտորիտար ռեժիմին, բոլոր քաղաքական ուժերին, որոնք զբաղվել են մեր երկրի թալանով։ Քոչարյանը չի մոռանում չէ՞, թե ինչքան է իր օրոք կազմել Հայաստանի Հանրապետության պարտքը։ Այս իմաստով ես Քոչարյանին եւ Սարգսյանին իրարից չեմ տարբերում։ Իհարկե, հիմքը դրվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի իրոք, սա պարզ է, ակնհայտ։

Երեկ ես հայտարարությամբ հանդես եկա, որ «ինչքան ուզես, էնքան խփենք» կարգախոսի գաղափարախոսությունը դրվել է դեռ 1996թ․-ին: Այդ ժամանակ Քոչարյանը, լինելով ԼՂՀ նախագահը, պաշտպանեց իշխանագողությունը, օգնեց, որ ճնշեն ժողովրդի ընդվզումը, Սերժ Սարգսյանը նույնպես իշխանագողության անմիջական կատարողներից էր։ Նրանք գործում էին Տեր-Պետրոսյանի թիմի ներսում։ Սրանք փաստեր են, որոնք ժխտել հնարավոր չէ։

Մենք պետք է գնանք դեպի ակունքները եւ հենց այդտեղից սկսենք մեր իշխանության վերականգնումը, քանի որ մեր իշխանությունը մեզնից օտարել են այդ տարիներից։

 Հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում ընդունվեց նոր Սահմանադրության նախագիծը։ Ի՞նչ է պատրաստվում անել «Ոչ»-ի ճակատը։

Միայն «Ոչ»-ի անվամբ ճակատով չէ պայմանավորված ընդվզումը, բողոքը եւ նոր կարգերի հաստատումը։ Ցանկալի է, որ միասնական համակարգված գործողություններ կատարվեն, միեւնույն ժամանակ ես կարծում եմ՝ յուրաքանչյուրն իր տեղում պետք է առաջնորդի, ունենա ընդվզման օղակներ՝ սպոնտան եւ անկառավարելի, որովհետեւ եթե դա լինում է սպոնտան, ապա այդ ճակատը միանգամից ընդլայնվում է եւ գործողություններն էլ արդյունավետ են լինում։

Ի՞նչ գործողություններ եք կանխատեսում։

Չեմ ցանկանում կանխատեսումներ անել, բայց ամեն ինչ դրան է ուղղված, որ պետք է լինեն ցանցային սպոնտան, լինի համախմբված քաղաքական հարթակ, սակայն դրա հետ մեկտեղ լինի սպոնտան բողոքի ակցիաներ։

Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած քվեարկությունը ցույց տվեց, թե որ պատգամավորներն են դեմ նոր Սահմանադրության նախագծին։ Համագործակցություն նախատեսվո՞ւմ է նրանց հետ արդեն խորհրդարանական ձեւաչափով։

Դեմ քվեարկեցին նախագծին, սակայն նախագծին դեմ լինելը մի փոքր քայլ է՝ ընդհանուր առմամբ, Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին ճանաչել հանցագործներ եւ նրանց նկատմամբ սկսել գործընթաց, խոսքս քրեական հետապնդման մասին է։ Եթե մարդիկ այս օրակարգի ներքո են գործելու, հնարավոր է նրանց հետ լայն համագործակցություն։ «Ժառանգությունը» այս հարցով խորհրդատվական բնույթի հանդիպումներ է անցկացնում բոլոր քաղաքական, հանրային միավորների, ինչպես նաեւ անհատների հետ։

Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը

Տպել
Ամենաշատ