News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը չի հասկանում, թե քաղաքապետարանն ինչ սկզբունքով է ընտրել մշակույթի այն գործիչներին, որոնց բնակարաններ է նվիրել։

«Սոցցանցերում և ԶԼՄ-ներում քննարկումներ են առաջացել Զառա Արամյանին, Դավիթ Ամալյանին, Վահրամ Սահակյանին և Բերջ Քարազյանին բնակարաններ նվիրելու շուրջ: Ճիշտ կլիներ, եթե մենք քաղաքապետարանի կայքէջում տեսնեինք այն մարդկանց ցուցակը, որոնք դիմել են բնակարան ստանալու խնդրանքով։ Արդյոք միայն նրա՞նք էին դիմել, արդյոք հենց նրա՞նք էին ամենակարիքավորները»,- այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ավագանու նիստին հայտարարեց Ստյոպա Սաֆարյանը:

Նույն խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը նույնպես կասկած հայտնեց՝ արդյոք հիմնավորված է հենց այդ գործիչներին բնակարաններ տրամադրելը:

«Կա առաջնահերթություն ասվածը: Կարծում եմ՝ շատ ավելի կարիքավոր ընտանիքներ կան: Վահրամ Սահակյանը կարողանում է բնակարան վարձել, շատերն այդ հնարավորությունն էլ չունեն: Բացի այդ՝ Վահրամ Սահակյանը շատ անընդունելի կեցվածք ունի, ինչն ինձ դուր չի գալիս: Մատ էր թափ տալիս, ասում էր՝ թող փորձեն քննադատեն»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Խմբակցության անդամների ելութներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը վրդովված պատասխանեց:

«Մեր ավագանու անդամներին խորհուրդ եմ տալիս գործով զբաղվել ժամանակավոր դիվիդենտներ շահելու փոխարեն: Պոպուլիստական ելույթների թարգը տվեք»,- ասաց քաղաքապետը:

Ավելի վաղ տեղեկացել էինք, որ Երեւանի քաղաքապետարանի ավագանին այսօր նաև հավանություն է տվել մշակութային չորս գործիչների` Երեւանում բնակարաններ նվիրաբերելու որոշմանը։

Ավագանու անդամների մեծ մասի «կողմ» քվեարկությամբ որոշվեց բնակարաններ նվիրել դերասանուհի Զառա Արամյանին, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին, գրող Վահրամ Սահակյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին: Դեմ քվեարկեցին միայն «Բարեւ Երեւան» խմբակցության մի քանի անդամներ:

Տպել
Ամենաշատ