News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը այսօր՝ հոկտեմբերի 8-ին, երեկոյան ժամանել է Երևան։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Ազնավուրը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, արագ դուրս է եկել` պատճառաբանելով, որ հոգնած է։

91-ամյա շանսոնյեն Հայաստան է եկել որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ: Նա Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 31-րդ համաժողովի շրջանակում՝ Ֆրանսիայի պատվիրակության հետ:

Համաժողովի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 10-ին Ազնավուրը մենահամերգ կտա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ից 11-ը Երեւանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը: Ընդհանուր առմամբ, համաժողովին մասնակցելու նպատակով Երեւան կժամանի Ֆրանկոֆոնիայի անդամ եւ դիտորդ, 5 մայրցամաքներ ներկայացնող 80 պետությունների 500 ներկայացուցիչ, որոնց մի մասը ներկայացված կլինեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։

Նախարարական հանդիպման շրջանակներում կազմակերպված է նաեւ հարուստ մշակութային ծրագիր: Որպես միջոցառումների գլխավոր մշակութային ձեռնարկ` հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է Շառլ Ազնավուրի համերգը: Հայաստան են ժամանելու Ֆրանսիայից եւ Հայիթիից երաժշտական խմբեր, որոնց կատարումները նախատեսվում են Երեւանում եւ Գյումրիում:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ