News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կանադայի եւ Հայաստանի միջեւ հնարավոր է դյուրացվի վիզային ռեժիմը: Այս հարցը քննարկվել է այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Կանադայի Միջազգային զարգացման եւ Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Քրիստիան Պարադիի՝ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը նշել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանը եւ Կանադան ակտիվորեն համագործակցում են թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերում եւ վերջին շրջանում բարձրաստիճան շփումների ինտենսիվությունը լավ հիմք է ստեղծում հարաբերությունների առավել զարգացման համար:

Նախարար Պարադին երախտագիտություն է հայտնել Դակարի գագաթաժողովում ՖՄԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Կանադայի կողմից առաջարկված՝ Միկայել Ժանի թեկնածությանը սատարելու համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների առջեւ ծառացած խնդիրների եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ուղղությամբ։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։

Էդվարդ Նալբանդյան ու Քրիստիան Պարադին մտքեր են փոխանակել մի շարք միջազգային եւ տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ապաստան են գտել Սիրիայից ժամանած շուրջ 17000 փախստականներ։ Նախարար Պարադին իր հերթին ներկայացրեց Մերձավոր Արեւելքում փախստականներին եւ տեղահանված անձանց Կանադայի կողմից ցուցաբերվող օժանդակությունը։

ԱԳՆ ղեկավարը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ