News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կրկնուսույցները դժգոհ են կառավարության նոր նախաձեռնությունից, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Արտոնագրային հարկի մասին» օրենքում եւ կրկնուսույցներին բերել հարկային դաշտ:

NEWS.am-ի հետ զրույցում 39 տարվա փորձ ունեցող մանկավարժ-կրկուսույցը, որը խնդրեց իր անունը չհրապարակել, կարծիք հայտնեց, որ շատ դժվար կլինի կրկուսույցներին հարկային դաշտ բերել, քանի որ տանը պարապունքներ անցկացնող ոչ մի կրկնուսույց ինքնակամ չի ներկայանա հարկային մարմնին։

 «Եթե ես այդ գումարի կարիքը չունենայի, ինչի՞ ինձ կծանրաբեռնի, դպրոցում պարապմունքներից հետո մի հատ էլ տանը աշակերտների հետ կպարապեի: Այս փոփոխության փոխարեն թող մտածեն, ուսուցչի աշխատավարձերը բարձրացնեն, որ տանը մի հատ էլ ավելորդ չտանջվենք: Եթե ուսուցչի աշխատավարձը գոնե 200 հազար դրամ լիներ, ոչ մի ուսուցիչ էլ կրկնուսույց չէր դառնա: Էդ մի եկամուտը ունենք, էդ մի բա՞նն էլ պետք է մեզանից կտրեն»,- դժգոհեց կրկնուսույցը:

Նրա կարծիքով՝ օրինագիծը եթե ընդունվի էլ, չի գործի. կամ կրկնուսույցներին չեն հայտնաբերի, կամ էլ շատերը կհրաժարվեն կրկնուսույցի աշխատանքից, ինչն էլ ավելի վատ հետեւանքների կհանգեցնի:

«Ո՞նց են պարզելու` ով քանի աշակերտ ունի տանը պարապող: Եթե մենք էլ չպարապենք, անգրագիտություն կտիրի, որովհետեւ երեխաները դպրոցում չեն սովորում, բայց երբ գումար են տալիս, ստիպված սովորում են»,-ասաց նա:

Նշենք, որ Ազգային ժողովն առաջիկայում կքննարկի կառավարության մշակած մի օրինագիծ, որով «Արտոնագրային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելով առաջարկվում է 2016թ–ից հարկային դաշտ բերել կրկնուսույցներին, դերձակներին, կոշկակարներին և ժամագործներին:

Ըստ կառավարության՝ այդ փոփոխությունը ստվերը կրճատելու և բյուջեի հարկային եկամուտներն ավելացնելու նպատակ է հետապնդում:

Տպել
Ամենաշատ