News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանին Բարձրագույն որակավորման հանձնաժողովը տնտեսագիտության դոկտորի վկայականը չի տալիս: Այս մասին այսօր` հոկտեմբերի 10-ին, լրագրողներին ասաց տնտեսագետը` նշելով, որ իր ատենախոսության պաշտպանությունը տեղի է ունեցել նախորդ տարվա վերջին Սլավոնական համալսարանում:

«Ավելի ուշ ԲՈՀ-ի աշխատակցից ստացա գրություն, որ պետք է կրկնակի քննարկում կատարվի: Ես բողոքարկեցի Կրթության և գիտության նախարարություն՝ որոշումն անվավեր ճանաչելու նպատակով: Իրական փորձաքննություն չի եղել: ԲՈՀ-ի նախագահը երեք անգամ դիմել է համալսարանին՝ կրկնակի պաշտպանություն կազմակերպելու հարցով: Երկու օր առաջ համալսարանի խորհուրդը հաստատել է նախկին որոշումը՝ տնտեսագիտության դոկտորի աստիճան շնորհելու վերաբերյալ, սակայն վկայականը դեռ չեն տվել»,-ասաց նա:

Տնտեսագետը նախորդ տարվա ամսաթվով վկայականը ստանալու համար դիմել է վարչական դատարան:

«Կասկածներ ունեմ, որ դատարանները ԲՈՀ-ին առնչվող գործերը փորձում են չընդունել կամ պատշաճ ընթացք չտալ: Միայն ՄԻՊ-ն է հաստատել, որ խախտվել են իմ իրավունքները: Իսկ ԲՈՀ-ի նախագահը փորձում է այլ միջոցների դիմել: Ասում է՝ կարող է ատենախոսության սղագրությունը բացահայտել: Դե, բացահայտի՛ր, դա հրապարակային է եղել, խնդիր չեմ տեսնում»,-նշեց Աշոտ Եղիազարյանը:

Տնտեսագետը հայցը դատարանից հետ չի վերցնի, եթե անգամ դոկտորի վկայականը տրամադրվի. «ԿԳՆ-ն չի ուզում մտնել այս գործի մեջ և ամբողջ պատասխանատվությունը թողնում է ԲՈՀ-ի վրա: Այդ կառույցն էլ իր պատասխան գրության մեջ իրավական ձևակերպումների առումով համատարած սխալներ է արել»:

Աշոտ Եղիազարյանի կարծիքով կրթական համակարգի այս հատվածում մենաշնորհ կա, ինչը արատավոր երևույթներ է ստեղծում կրթության ոլորտում:

«Մեր երկրում լսել եմ, որ դոկտորի աստիճան կարելի է ստանալ նաեւ գումարով, մոտ հինգից տասը հազար դոլարի մասին եմ լսել»,-ասաց նա:

Իր հետ նման կերպ վարվելու պատճառը տնտեսագետը  նաեւ կապում է իր ատենախոսության թեմայի հետ, որտեղ քննադատության է ենթարկել Եվրասիական տնտեսական միությունը, որին մեկ տարի առաջ անդամակցեց մեր երկիրը. «Շատ են շահարկել թեմաս այն առումով, որ պետության քաղաքական կուրսին դեմ է, որ ԵՏՄ-ին դեմ եմ խոսել»:

Տպել
Ամենաշատ