News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ,  այսօր՝ հոկտեմեբրի 10-ին, այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին թանգարան-ինստիտուտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Լեգենդար շանսոնյեն թանգարանի ցուցանմուշներին ծանոթանալուց հետո հետեւյալ գրառումն է կատարել թանգարան-ինստիտուտի հուշամատյանում. «Մենք երբեք լիովին չենք ճանաչում այն արվեստի գործերը, որոնցով հիանում ենք: Մեկ ժամ այս թանգարանում լինելը մեզ շատ բան սովորեցրեց և հարստացրեց մեզ»:

Շառլ Ազնավուրը թանգարան-ինստիտուտում մնացել է մոտ 1 ժամ, թանգարանի այցելուները անակնկալի են եկել նրան տեսնելով. շրջապատել են նրան, լուսանկարվել հետը: Ըստ աշխատակիցների՝ աշխարհահռչակ շանսոնյեն բարձր տրամադրությամբ է հեռացել թանգարան-ինստիտուտից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ից 11-ը Երեւանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը: Ընդհանուր առմամբ, համաժողովին մասնակցելու նպատակով Երեւան կժամանի Ֆրանկոֆոնիայի անդամ եւ դիտորդ, 5 մայրցամաքներ ներկայացնող 80 պետությունների 500 ներկայացուցիչ, որոնց մի մասը ներկայացված կլինեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։

Նախարարական հանդիպման շրջանակներում կազմակերպված է նաեւ հարուստ մշակութային ծրագիր: Որպես միջոցառումների գլխավոր մշակութային ձեռնարկ` հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է Շառլ Ազնավուրի համերգը: Հայաստան են ժամանելու Ֆրանսիայից եւ Հայիթիից երաժշտական խմբեր, որոնց կատարումները նախատեսվում են Երեւանում եւ Գյումրիում:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամաերգային համալիրում, որտեղ կայանալու է նախարարական համաժողովը, նախատեսվում է Հայաստանի զբոսաշրջությունը, բարձր տեխնոլոգիաները, մշակույթը ներկայացնող տաղավարների եւ հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսների կազմակերպում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ