News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ներկայումս իրավիճակը հանգիստ է, բայց քաղաքացիական շարժման ակտիվիստները ցանկացած պահի կարող են վերսկսել ցույցերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լիբանանում հրատարակվող «Ազդակ» հայկական թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը։

Նա հիշեցրել է, որ Բեյրութում վերջին անգամ՝ հոկտեմբերի 8-ի ցույցերի ժամանակ, իրավիճակը բավականին լարված էր, բախումների ժամանակ եղել են վիրավորներ, ձերբակալվածների, որոնց մեծ մասը հետո ազատ էր արձակվել։ «Բայց խնդիրները դեռեւս չեն լուծվել, պահանջները բավարարված չեն»,- նշել է Շահան Քանդահարյանը։

Նրա խոսքով՝ անորոշ է երկխոսության ճակատագիրը, որը սկսվել է ազգային մակարդակով լուծում գտնելու համար։ «Ինչպես գիտեք, արդեն 2 տարի է՝ նախագահի պաշտոնը թափուր է։ Լիբանանի Սահմանադրության  համաձայն՝ նախագահը պետք է ընտրվի Ազգային ժողովի կողմից։ Սակայն խորհրդարանում նախագահի թեկնածուի հարցում փոխզիջման դեռ չեն եկել»,- ընդգծեց Շահան Քանդահարյանը։

Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրը նախագահի ընտրությունն է, սակայն կան նաեւ այլ խնդիրներ՝ էլեկտրաէներգիայի անջատումը, այլ կենցաղային խնդիրները, որոնց թվում հատկապես սուր է կենցաղային թափոնների ոչնչացման խնդիրը։ «Թեպետ ոչ պաշտոնական մակարդակով ասվում է, որ եկող շաբաթ կենցաղային թափոնների ոչնչացման համար տեղ հատկացնելու վերաբերյալ ինչ-որ համաձայնություն է ձեռք բերվելու»,- հավելեց Քանդահարյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում նորից հակակառավարական ցույցեր էին սկսվել։ Փլաս դե Մարտր հրապարակի շրջանում երիտասարդ ակտիվիստներն ու իրավապահները 4 ժամ պայքարի մեջ էին մտել։

Նշենք, որ Թամամ Սալամի կառավարությունը արդեն երկար ժամանակ չի կարողանում լուծել կենցաղային թափոնների օգտահանության խնդիրը, որը ծագել էր հուլիսի 17-ին՝ Բեյրութից 20 կմ հեռավորության վրա գտնվող Նաամի ամբարտակը փակելուց հետո։ Օգոստոսի 22-ին Բեյրութի կենտրոնում հուզումներ էին սկսվել, որոնք սոցիալական ցանցերում ստացել են «աղբային հեղափոխություն» անունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ