Աֆղանստանում սպանվել է ՄԱԿ-ի աշխատակից Թուրփաքայ Օլֆատը: Լուրը հաստատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:
Իրավապաշտպանին սպանել են Քանդահար գավառում: Անհայտ անձը կրակ է բացել նրա ուղղությամբ եւ մոտոցիկլով փախուստի դիմել: «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի փոխանցմամբ, տարածաշրջանում գործող որեւէ խմբավորում չի ստանձնել սպանության պատասխանատվությունը:
Հաքը հայտարարել է, որ Աֆղանստանի աջակցության ՄԱԿ-ի առաքելությունը զայրացած է իր աշխատակցի սպանության առիթով եւ հիշեցնում է, որ համաշխարհային կազմակերպության աշխատակիցների դեմ բռնությունը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Թուրփաքայ Օլֆատն Աֆղանստանի աջակցության ՄԱԿ-ի առաքելության (UNAMA/МООНСА) կազմում աշխատում էր վերջին 5 տարիներին, եւ հարգված իրավապաշտպան էր: