News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժամանակակից բուհը չի կարող սահմանափակվել Հայաստանի աշխարհագրական տարածքում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 95-ամյակին նվիրված միջոցառումների բացման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Հոբելյանի առիթով ողջունելով ներկաներին՝ նախարարն ընդգծել է, որ ԵՊԲՀ-ն Հայաստանի բուհական համակարգի առաջատարներից է եւ այդ տեսանկյունից խորհրդանշական է, որ  հոբելյանական միջոցառումների մեջ առանձնահատուկ տեղ է տրվել գիտական համաժողովներին:

«Բժշկական համալսարանում ինձ համար թանկ է ամեն մի լսարանն ու սենյակը, սա իմ մայր բուհն է ու այստեղ ամեն մի պատն ու անկյունը իր ուրույն պատմությունն ունի: Բժշկական համալսարանի անցյալը, ներկան ու ապագան շաղկապված է  սերունդների հերթափոխով: Սա միջավայր է, որտեղ կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը շաղկապված են անբաժանելի կապով: Այս բուհի բոլոր շրջանավարտները, վստահ եմ, հրաշալի գիտեն բուհի պատմությունը եւ երախտապարտ են՝ ստացած գիտելիքների,  դեպի կյանք տրված ուղեգրի ու այս պատերի ներքո ձեւավորված աշխարհայացքի համար:    

Բժշկականում կրթություն ստացող երիտասարդը ձեռք է բերում ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլեւ աշխարհայացք ու արժեհամակարգ»,- շնորհավորական իր խոսքում նշել է  Ա. Աշոտյանը:

Կարեւորելով  բուհի  հետագա զարգացումը՝ նախարարն ընդգծել է, որ ժամանակակից բուհական կրթության մարտահրավերներն այլեւս չեն կարող սահմանափակվել միայն Հայաստանի աշխարհագրական տարածքում. «Իմ ցանկությունն է տեսնել ԵՊԲՀ-ն Հայաստանի սահմաններից դուրս միջազգային չափանիշներով ճանաչված վարկանիշային սանդղակների ցանկում: Սա առողջ ձգտում է, որը բուհը պետք է անպայման  դնի իր առջեւ: Պետք է նկատել, որ  ԵՊԲՀ-ի շնորհիվ այսօր մեր բուհական համակարգը կարողանում է ապահովել եվրոպական չափանիշներով օտարերկրյա ուսանողների ներգրավվածության բարձր ցուցանիշ:  Ժամանակակից բուհը չի կարող հաջողություն ունենալ, եթե միջազգայնացման աստիճանը, շրջանավարտների ու դասախոսների շարժունությունը, արտասահմանցի ուսանողների տեսակարար կշիռը մեծ չէ:  Համալսարանի համար շատ կարեւոր բաղադրիչ է նաեւ  հետազոտությունների ծավալը եւ այս առումով եւս բժշկականը ունի հստակ արդյունքներ:  Գիտական եւ հետազոտական բաղադրիչի կարեւորությամբ է նաեւ պայմանավորված, որ բուհի հոբելյանական միջոցառումների մեկնարկային այցեքարտը  դարձել են ուսանողական եւ դասախոսական  գիտաժողովները»,- իր խոսքը եզրափակել  է ՀՀ ԿԳ նախարարը՝ շնորհակալություն հայտնելով  բուհի դասախոսներին արդյունավետ եւ  մրցունակ աշխատանքի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ