«Յանդեքս» ռուսական որոնման համակարգը Ռուսաստանում եւ մի շարք երկրներում Windows 10 օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների Edge եւ Internet Explorer բրաուզերների մեկնարկային էջը կդառնա։
Ինչպես ասված է Microsoft-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ, ընկերությունը համաձայնության է եկել «Յանդեքսի» հետ ռազմավարական համագործակցության հարցում։ Ռուսաստանից բացի որոնման համակարգը Microsoft-ի բրաուզերներում կներդրվի Բելառուսում, Ղազախստանում, Ուկրաինայում եւ Թուրքիայում։
Այդ երկրներում «Յանդեքսը» կփոխարինի Bing-ին, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Նշենք, որ ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ 2015թ. ռուսական շուկայում «Յանդեքսի» դերը 62 տոկոսից դարձել է 57 տոկոս։ Հիմա ընկերությունը փորձում է վերականգնել կորցրած դիրքերը։