News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այսօր Գորիսում ներկա է եղել «Contour Global հիդրո կասկադ» ընկերության գրասենյակի բացման արարողությանը` ընկերության փոխնախագահներ Գարրի Լիվսլիի եւ Կառլ Շնադտի հետ (ֆոտոռեպորտաժ):

Որոտանի ՀԷԿ-ի նոր սեփականատերը՝ ամերիկյան Contour Global ընկերությունը, նախատեսում է առաջիկա հինգ տարիների ընթացքում 50 միլիոն եվրոյի ներդրում անել ու արդիականացնել կասկադը: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել գերմանական KFW բանկի տրամադրած 51 մլն եվրոյի վարկով:

«Ժամանակին կառավարությունը եւ գերմանական KFW հիմնադրամը «Որոտանի կասկադ»-ում ներդրումային մի ծրագրի շուրջ էին պայմանավորվել, որը, ըստ էության, չսկսվեց, որովետեւ կասկադը վաճառելու հարց առաջացավ: Մենք կասկադը գնելուց հետո ձեռնամուխ եղանք այդ ծրագրի իրականացմանը: Եթե կառավարությունը համաձայնությունը տա, կանենք: Ծրագրով կփոփոխենք Էլեկտրամեխանիկական սարքավորումները, հիմնականում՝ որոշ տուրբիններ, գեներատորներ, տրանսֆորմատորներ, ինչից կավելանա կասկադի ՕԳԳ-ն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ընկերության ներկայացուցիչ Արա Հովսեփյանը՝ նշելով, որ գլխավոր խնդիրը հիդրոկայանի անխափան աշխատանքը երկարացնելն է, քանի որ սարքավորումներից շատերը հնացած են եւ նորերով փոխարինման կարիք կա:

Արա Հովսեփյանը նշեց, որ «Որոտանի կասկադ ՀԷԿ»-ի գույքի գնի՝ 180 միլիոն դոլարի կեսն ընկերությունն արդեն վճարել է, մյուս կեսը կվճարի մինչեւ հաջորդ տարվա հուլիս: 90 միլիոն դոլարից 28 միլիոնն ընկերությունը ձեռք է բերել հայաստանյան բանկերից՝ կասկադի գույքի գրավադրմամբ:

«Մենք պայմանավորվածություն ունենք, որ գումարը պետք է վճարենք երկու մասով: 50 տոկոսն արդեն վճարել ենք, դրա միայն մեկ երրորդից ավելի քիչ մասն ենք վերցրել տեղական բանկերից»,- ասաց նա՝ նշելով, որ հիդրոկառույցներն ընկերության սեփականությունն են կառուցապատման իրավունքով, ինչը ենթադրում է, որ ընկերությունը կասկադի գույքը գրավադրել կարող է, բայց վաճառել՝ ոչ:

Contour Global ընկերության ներկայացուցչը նշեց, որ կասկադի արտադրած էլեկտրաէներգիայի գինը 2016թ. կբարձրանա: Ըստ պայմանագրի, ՀԷԿ-ը մեկ անգամ պետք է բարձրացնի էլեկտրաէներգիայի գինը, այնուհետեւ այն անփոփոխ թողնի 25 տարի:

«Մեզ համար հաստատվել է 25 տարվա սակագին: Առաջին 7 ամսվա ընթացքում հին սակագինն է, այնուհետեւ մեկ անգամ բարձրանում է ու 25 տարի մնում է անփոփոխ: 2016թ. 1 մեգավատի դիմաց 19 դոլարը փոխարինվելու է 27.8 դոլարով»,- ասաց նա:

Ընկերության ներկայացուցիչը նշեց, որ Contour Global-ն ուսումնասիրել է հայկական շուկան, ներդրումային դաշտը, գտել ռիսկերի նվազեցման եղանակներ: Այն 40-ից ավելի նմանատիպ օբյեկտներ ունի Ուկրաինայում, Պերուում, աֆրիկյան երկրներում, Իսպանիայում:

Նախագահն այցելել է նաեւ հիդրո կասկադի մաս կազմող «Տաթեւի ՀԷԿ», որտեղ նրան ներկայացրել են ՀԷԿ-ի գործունեությունը և կասկադի արդիականացման ծրագիրը:

Նշենք, որ «Որոտանի կասկադ ՀԷԿ»-ը կազմված է 3 էլեկտրակայաններից. Սպանդարյանի ՀԷԿ (հզորությունը՝ 78 մեգավատ), Շամբի ՀԷԿ (171 մեգավատ) եւ Տաթեւի ՀԷԿ (157.2 մեգավատ): «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ-ի 100%-անոց բաժնետերը Հայաստանի կառավարությունն էր: Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2013թ. նոյեմբերի 27-ին հաստատեց «Որոտանի կասկադ ՀԷԿ»-ի վաճառքն ամերիկյան Contour Global ընկերությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ