Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց մի քանի տասնյակ սիրիահայեր այսօր՝ հոկտեմբերի 18-ին ակցիայի միջոցով իրենց շնորհակալությունը հայտնեցին Ռուսաստանին սիրիական կառավարությանն աջակցելու եւ ծայրահեղականների դեմ պայքարելու համար:

«Եկած ենք շնորհակալություն հայտնելու, որ Ռուսիան այսօր Սուրիո կողքը կեցած է, եւ  պաշտպան կհանդիսանա մեր ժողովրդին»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջոցառման մասնակից, սիրիահայ Լեւոն Բլխյանը:

Ակցիայի ընթացքում հնչեցին Ռուսաստանի եւ Սիրիայի պետական օրհներգերը, սիրիական ժողովրդական երաժշտություն: Մասնակիցները պարզել էին Ռուսաստանի եւ Սիրիայի դրոշները, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասադի լուսանկարները, պաստառներ՝ «Կեցցե Ռուսաստան-Սիրիա ընկերությունը», «Կեցցե ռուս ազգը», «Շնորհակալություն Ռուսաստան» գրություններով:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ նմանատիպ ակցիաներ անց են կացվել արդեն  աշխարհի մի շարք երկրների ՌԴ դեսպանատների մոտ: