News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը թեեւ այժմ ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվում, պետական համակարգում չէ, սակայն կարծում է, որ քաղաքականությունից հեռանալ եւ քաղաքականությունը մոռանալ հնարավոր չէ: NEWS.am-ի հետ զրույցում նախկին նախարարը նշեց, որ ներկայում զբաղվում է իրեն հոգեհարազատ գործով՝ իրավաբանությամբ եւ հասարակական գործունեությամբ:

«Կյանքը միայն պետական համակարգում չէ, պետական համակարգում կյանքի տոկոսը շատ քիչ է, այնտեղ հիմնականում աշխատանք է եւ պայքար: Բայց քաղաքականությունից հեռանալ եւ մոռանալ հնարավոր չէ»,-ասաց նախկին նախարարը:

Հովհաննես Մանուկյանը հոկտեմբերի 24-ին Գյումրիում մասնակցում էր «Շիրակ» հայրենակական միության համագումարին, որը նրա խոսքով, նպատակ ունի վերհանել մարզի սոցիալական խնդիրները եւ աջակցել տեղական իշխանություններին դրանց լուծման հարցում: Նախկին նախարարի կարծիքով` Գյումրիի ներկայիս իշխանությունները շահագրգիռ են քաղաքի հրատապ խնդիրները լուծելու հարցում:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում քաղաքապետ Սամվել Բալասանյանի այն հայտարարությանը, թե ինքը աշխատավարձ չի ստանալու մինչեւ վերջին անտուն գյումրեցին բնակարան չստանա, նախկին նախարարը պատասխանեց հումորով. «Աշխատավարձը ընտանեկան բյուջեի հարց է, եթե Սամվել Բալասանյանի տիկինը դեմ չէ այս որոշմանը, ես էլ եմ ողջունում»:

Հովհաննես Մանուկյանը կողմ է սահմանադրական փոփոխություններին: Նրա կարծիքով ժողովրդի դատին հանձնվել է մի փաթեթ, որը հնարավորություն կտա հետագայում երկրում ավելի արդյունավետ իրականացնելու բարեփոխումներ բոլոր ոլորտներում՝  իրավական, տնտեսական, քաղաքական եւ քաղաքացիական հասրակությունն առավել ամրապնդելու համար:

Հիշեցնենք, որ Հովհաննես Մանուկյանը Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրել է ընդամենը 1 տարի: 2015թ. հուլիսին հեռացել է պաշտոնից սեփական դիմումի համաձայն:

Տպել
Ամենաշատ