News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերին ՖԱՖ ֆուտբոլային շարժման անդամները երեք պահանջ էին ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ գտնել բարձրակարգ մարզիչ, չհրավիրվող ֆուբոլիստների հարցը եւ ստադիոնի տոմսերի գները: Մեկ ամիս անց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է, նշելով հետեւյալը.

«Ուրախությամբ տեղեկացա, որ ՖԱՖ կոչվող խմբակը պահանջատիրական խնդիրներով է սկսել հանդես գալ, բայց զարմացա, որ պահանջատիրությունը կապված է Հայաստանի ազգային հավաքականի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Ես կարծում էի, որ ՖԱՖ կոչվող խմբակը պահանջատիրական հակումներ կարող է ունենալ օրինակ, ասենք Իտալիայի ազգային հավաքականի կամ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ: ՖԱՖ կոչվող խմբակին խորհուրդ կտամ զբաղվել տուրիստական գործունեությամբ եւ տոմսերի առ ու վաճառքով: Դա ավելի լավ է ստացվում»:

Այս պատասխանից հետո կփորձեմ մի փոքր պատմական էքսկուրս կատարել եւ հիշել այդ «տուրիստական խմբակի» պատմությունը: Կարծում եմ` այդ իրավունքն ունեմ, քանի որ եղել եմ առաջին մարզական լրագրողը, ով անդրադարձել է ՖԱՖ-ի գործունեությանը` նրանց մասին մեծ հոդված գրելով մարզական ամսագրում, եղել եմ առաջին լրագրողը, ով ՖԱՖ-ի առկա խնդիրները ջրի երես է հանել՝ պատմելով, որ շարժման մեջ կան տարաձայնություններ եւ նրանք պառակտման շեմին են: Իհարկե, դրանից հետո շատերն ինձնից նեղացան, բայց լրագրողի գործը ցանկացած հարց տարբեր տեսանկյունից ներկայացնելն է ու առավել եւս ճշմարտությունը ջրի երես հանելը:

ՖԱՖ ֆուտբոլային շարժման պատմությունն սկսվում է 2007-ի հունիսից՝ ավելի ճիշտ Հայաստան – Լեհաստան խաղից (1:0): Իրականում բուն շարժումը սկսվեց ձեւավորվել դեռեւս 2006-ին, երբ ամենանվիրյալ երկրպագուները, որոնք միշտ նստում էին Արեւելյան տրիբունայում, սկսեցին երկրպագուների համախմբված խումբ կազմել: Հավաքատեղին armfootball.com կայքի ֆորումն էր: Այդ ժամանակ էլ հենց ես ծանոթացա Արեւելյան տրիբունայի ֆաների հետ եւ սկսեցի նրանց հետ միասին հաճախել մարզադաշտ, քանի որ իսկական երկրպագությունը լինում էր հենց այնտեղ: Մեկ տարի անց վերը նշված խաղից հետո որոշվեց Հայաստանում առաջին անգամ ձեւավորել կազմակերպված, գրանցված շարժում: Օգոստոսին Պորտուգալիայի հետ խաղին արդեն Արեւելյան տրիբունայի մեկ սեկցիա զբաղեցրել էին ՖԱՖ-ի երկրպագուները: Այդ օրն իսկապես խելահեղ երկրպագություն էր, բայց ամեն բան նոր էր սկսվում: Մեկ ամիս չանցած մահացավ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը: Այդտեղ առաջին անգամ որոշվեց գումար հավաքել շատ մեծ պաստառ պատրաստելու համար:

Հիշում եմ՝ ֆանատները հիմնականում ուսանողներ էին: Պաստառը բավականին թանկ էր: Բոլորս հավաքել էինք 1000-5000 դրամ, բայց չէր բավականացնում: Սփյուռքի Ֆորումականները  նունպես սկսեցին օգնել: Պաստառը պատրաստ էր: Եվ Սերբիայի հետ խաղին Thank you Mr. Porterfield պաստառը իմ հիշողության մեջ առաջին դեպք էր, երբ հայ երկրպագուները միասնական գեղեցիկ ակցիա կազմակերպեցին: Դրանից հետո եղավ Թուրքիայի հետ խաղը: Ես ՖԱՖ-ի հետ էի նստած: Խաղից հետո ձայնս կտրվել էր: ՖԱՖ-ը  հրավիրել էր հայտնի մարդկանց, որպեսզի Թուրքիայի հետ խաղին լինեն հավաքականի կողքին:

Ինչպես գիտենք այդ խաղից հետո սկսվեց անկումը: Հավաքականի վատ խաղերի գագաթնակետը 2009-ի սեպտեմբերին էր՝ Հայաստան – Բոսնիա-Հերցեգովինա խաղին, երբ ՖԱՖ-ը պահանջում էր գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի եւ ՀՖՖ նախագահի պաշտոնանկությունը: Այնտեղ ոստիկանությունն ուժ կիրառեց, որոշ ակտիվիստներ ծեծվեցին: Հետագայում ՖԱՖ – ՀՖՖ հարաբերությունները լավացան,  շարժման ամենաակտիվ անդամներն սկսեցին հավաքականի հետ ուղեւորվել արտագնա խաղերի (երկու անգամ դա հովանավորել է ֆեդերացիան՝ Սլովակիայի եւ Իռլանդիայի հետ արտագնա խաղերին): Դրանից հետո Բուլղարիայից մինչեւ Ֆրանսիայի հետ արտագնա հանդիպումը հայ երկրպագուները մեկնում էին արտագա խաղերին միայն իրենց միջոցներով: Ես ինքս բոլոր արտագնա խաղերին ներկա եմ լինում ազգային հավաքականի հետ, այդ պատճառով ֆանատների նվիրումի եւ զոհողությունների մասին լավ տեղյակ եմ:

Երբ հոլանդացի երկրպագուները գնում են Ֆրանսիա՝ իրենց թիմին երկրպագելու, երեւի գիտեք, թե որքան էժան է այնտեղ մի երկրից մյուսը գնալը: Ճանապարհը կազմում է մոտ 50 եվրո: Իսկ այնտեղի աշխատավարձերը այստեղից լավագույն դեպքում տասն անգամ բարձր են: Իսկ Հայաստանից Եվրոպա հասնելու համար առնվազն 400 եվրո է պետք, դրան գումարած հյուրանոցը, սնունդը: Այս ամենին գումարվում է այն, որ շատ խաղերում հայկական կողմը չի լուծում հայ երկրպագուների տոմսերի հարցը։ Երկրպագուները նամակ են գրում տեղի ֆեդերացիաներին՝ խնդրելով իրենց բոլորին միասին հատկացնել մեկ սեկցիա: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես Պորտուգալիայի հետ արտագնա խաղից առաջ հայ երկրպագուները վազում էին տոմսարկղերով, խնդրում որպեսզի իրենց տոմսեր տային հայկական սեկցիայում, գումար առաջարկում, որպեսզի փոխեին տոմսերը՝ միայն թե հայերով միասին նստեին:

Ֆրանսիայի հավաքականի խաղից հետո, զրուցում էի հայ երկրպագուհու հետ, ով Հայաստանից ժամանել էր Նիս՝ հավաքականի խաղը դիտելու: Նա վրդովված ասաց. «Այսքան գումար եւ ջանք ծախսեցինք, որպեսզի այսպիսի խայտառակությո՞ւն դիտենք»: Իսկ արտագնա խաղերին եվրոպաբնակ մշտական երկրպագուներից ես տեսա միայն երկուսին, մյուսները պարզապես չէին եկել: Եվ չնայած այս ամենին, այժմ լրագրողական տրիբունայից նայելով այն սեկցիան, որտեղ նստած են լինում ֆաֆականները, 90 րոպե լսում եմ ինձ համար շատ ծանոթ ու հարազատ երգերը, տեսնում մշտական պաստառները, որոնք անսպառ հավատի ու նվիրումի օրինակ են:

Աշխարհի զարգացած երկրներում ֆուտբոլային երկրպագուներն իրենցից ուժ են ներկայացնում: Վերջին հաշվով ֆուտբոլ խաղում են երկրպագուների համար, նրանց դժգոհության պատճառով կարող են հանել մարզչին, բարելավել երկրպագուների պայմանները: Այսօր կարդում էի, թե ինչպես Եվրոպայի ամենահարուստ երկրներից մեկում՝ Գերմանիայում, երկրպագուները բոյկոտում են խաղերը՝ տոմսերի թանկ լինելու պատճառով: Մեզ մոտ ես ինչպես հասկացա, երկրպագուն ունի մեկ ֆունկցիա՝ գնել թանկ տոմս եւ ամբողջ հոգով երկրպագել իր թիմին, անկախ նրանից, որ այդ հավաքականը Ֆրանսիայի հետ խաղում հանդես է գալիս ոչ օպտիմալ իր կազմով:

Ինչ վերաբերում էի հավաքականի հարյուր հազարավոր երկրպագուներին, ես միշտ տխրությամբ եմ հիշում, թե ինչպես անգամ Թուրքիայի հետ կարեւոր խաղում մարզադաշտում ներկա էին մոտ 30 000 երկրպագուներ (55 000 նստատեղ ունեցող «Հրազդանում»): Ալբանիայի հետ խաղում երկրպագուների թիվը մոտ 7000 էր: Ես անկեղծ չեմ հիշում, որ Իտալիայի հետ խաղում հայերը երկրպագեն իտալացիներին, ես հիշում եմ անհատների, որոնք գնացել էին «Զվարթոց» օդանավակայան՝ Պիրլոյին դիմավորելու: Նրանց հետո հեռացրին շարժումից: Ես ավելի շատ հիշում եմ, թե ինչպես հայ երկրպագուները շատ վտանգավոր Նեապոլ քաղաքում, երբ կողոպտվեցին եւ կորցրին բավականին մեծ գումար, «Սան Պաուլո» մարզադաշտում 90 րոպե ողջ ուժով գոռում էին «ՀԱՅԱՍՏԱՆ»: Ես հիշում եմ, թե ինչպես Չեխիայի հետ արտագնա խաղում բոլորը խոսում էին այն մասին, որ 25 000 հանդիսականների մեջ լսվում էր միայն 200 հայերի ձայնը: Խաղից հետո հայ ֆուտբոլիստներն անգամ նշեցին, որ հայ երկրպագուների շնորհիվ իրենք հաղթեցին: Հիշում եմ նաեւ Բուլղարիայի հետ խաղում «Հանրապետական» մարզադաշտը…

Այսօր հավաքականի հետ արտագնա խաղերին գնում են երկու-երեք մարզական լրագրողներ, երբ Սերբիայի նման երկրից (տնտեսապես ոչ հարուստ) Հայաստան գալիս է 20 մարզական լրագրող: Դանիայից Հայաստան եկել էին մոտ 50 երկրպագու՝ հիմնականում տարեց մարդիկ, Հայաստանից Դանիայի խաղին մեկնել էր 80 երկրպագու:

Իսկ հիմա եկեք պատկերացնենք, որ արտագնա խաղերին երկրպագուներ չլինեն, հայաստանյան խաղերն անցնեն դատարկ տրիբունաների ներքո: Ինչ եք կարծում՝ ի՞նչ կլինի այդ դեպքում…

Վերա Մարտիրոսյան/ Vera&Football

 

ՖԱՖ-ը Ֆրանսիա - Հայաստան խաղին

ՖԱՖ-ը  Հայաստան - Իտալիա խաղին

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ