News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը, Մոսկվայում կկայանա պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 16-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթը, որին կմասնակցեն 9-14 տարեկան 48 պատանի երաժիշտներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Ավստրիայից, Նորվեգիայից, Բուլղարիայից, Հունգարիայից, Չեխիայից, Ճապոնիայից, Վրաստանից, Լատվիայից:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ այս տարվա մրցույթին Հայաստանից կմասնակցի Երեւանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի պատանի թավջութակահար, հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիր Արտյոմ Իոանիսյանը (դասատու` Գայանե Ռաֆայելյան):

Ա. Իոանիսյանը կկատարի Գ. Կասսադոյի, Դ. Պոպպերի, Ա. Դվորժակի ստեղծագործությունները:

Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 16-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթը կանցկացվի 3 անվանակարգերում՝ դաշնամուր, փողային եւ հարվածային գործիքներ, լարային գործիքներ՝ ջութակ, թավջութակ, տավիղ:

Պատանի երաժիշտ-կատարողների ելույթները կգնահատի անվանի երաժիշտներից կազմված հեղինակավոր ժյուրին:

Ամենամյա այս մրցույթը հիմնադրվել է դեռեւս 2000 թվականին՝ ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաալիքի կողմից: Իր տեսակի մեջ եզակի այս երաժշտական մրցույթը մինչ օրս մնում է Ռուսաստանի Դաշնության մանկական հեռուստատեսային միակ մրցույթը՝ դասական երաժշտության բնագավառում: Տարիների ընթացքում մրցույթն ունեցել է ավելի քան 1000 մասնակից աշխարհի՝ մեկուկես տասնյակից ավելի երկրներից, այդ թվում՝ Հայաստան, Ռուսաստան, Ավստրիա, Բուլղարիա, Բելառուս, Հունգարիա, Վրաստան, Ղազախստան, ԱՄՆ, Կանադա, Կորեա, Ֆրանսիա, Լատվիա, Շվեդիա, Ճապոնիա եւ այլն: Մրցույթի նպատակն է ուշադրություն հրավիրել մանկական երաժշտական կրթության եւ դաստիարակության հարցերին, հայտնաբերել պատանի տաղանդավոր երաժիշտների, ովքեր կշարունակեն կատարողական դպրոցի լավագույն ավանդույթները:

Հիշեցնենք, որ «Շչելկունչիկ» մրցույթին Հայաստանի պատվիրակները մշտապես ցուցաբերել են ակտիվ մասնակցություն եւ զբաղեցրել մրցանակային տեղեր. 2006 թ. Էմմանուել Ճգնավորրյան (ջութակ)՝ «Արծաթե Շչելկունչիկ-2006», 2009 թ. Դիանա Խաչատրյան (դաշնամուր)՝ դիպլոմ, 2011 թ. Եվգենիա Աբրահամյան (դաշնամուր)՝ դիպլոմ, 2012 թ. Դիանա Ադամյան (ջութակ)՝ «Արծաթե Շչելկունչիկ-2012», 2014 թ. Դանիել Մելքոնյան (շեփոր)՝ «Բրոնզե Շչելկունչիկ-2012»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ