News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրազիլացի Քրիստիան Պիերինին, ով հայտնի է նաեւ որպես Mister C, երաժշտության, գիտության եւ տեխնիկայի աշխարհի կուռքերին պատկերում է էլեկտրոնային ջարդոնի, երաժշտական գործիքների եւ մակուլատուրայի միջոցով։ Նրա ձեռքի տակ պատկերներ են դառնում ստեղնաշարները, մայր պլատաները, ուժեղացուցիչները, լարերը, վինիլային սկավառակները, հին կիթառները, թերթերը եւ ամսագրերը։

«Ես երաժիշտ եմ եւ հաճախ եմ աշխատում համերգասրահներում։ Մի օր ես որոշեցի հարգանքի տուրք մատուցել որոշ կուռքերի՝ նրանց ներկայացնելով իրենց գործունեության հետ անմիջական կապ ունեցող գործիքների միջոցով։ Այդ տեխնիկան ես յուրացրեցի՝ 2 տարի նկարիչ Վիկ Մունիսի մոտ աշխատելով որպես օգնական»։

Պիերինին հայտնի անձանց պատկերները հավաքում է հատակին։ Նրանցից յուրաքանչյուրին բրազիլացին մոտենում է շատ մանրակրկտորեն։ Միջինում մեկ կերպար ստեղծելու համար նա ծախսում է մեկ ամիս։

«Հիմնական դժվարությունը աշխատանքի մեջ ակադեմիական նկարի որոշ տարրեր՝ ծավալ, լույսի ստվերներ, ներդնելն է, որը արվում է էլեկտրոնային օբյեկտների միջոցով։ Ամենից դժվարը Ալբերտ Էյնշտեյնի դիմանկարը կերտելն էր, քանի որ դեմքի դետալներն ու սպիտակ մազերը շատ էին»։

Mister C-ն ծնվել եւ մեծացել է օվկիանոսի ափին՝ Ռիո դե Ժանեյրոյի կիզիչ արեւի տակ։ Ավարտել է Բենեթի մեթոդաբանական համալսարանը եւ այսօր ունի վիզուալ արվեստի սեփական արվեստանոցը։ Նկարիչը միաժամանակ ընտանիքի հետ ղեկավարում է քաղաքի արեւմտյան հատվածում գտնվող թատրոնը։ Դրա հետ մեկտեղ նա Ռիո դե Ժանեյրոյի նահանգի հետ հատուկ պայմանագիր է կնքել տարբեր շոուներ եւ թատերական պիեսներ բեմադրելու մասին։

«Իմ կյանքի փիլիսոփայությունն արտահայտված է «Universe in Disenchantment. Rational Culture» գրքում։ Իմ աշխատանքներում ես փորձում եմ չափից դուրս սպառման մշակույթի միջոցով արտահայտել հետմոդերնիստական քաղաքակրթության մայրամուտը։ Ես ինքս աշխատում եմ հասարակ եւ համեստ ապրել, զբաղվել սիրելի գործով»։

Հանգստյան օրերին Պիերինին թմբուկ եւ մանդոլին է նվագում իր հիմնած Black Dog Brazil խմբում, որը Led Zeppelin պաշտոնական բրազիլական տրիբյուտ խումբն է։ 1995թ. Ռիո դե Ժանեյրոյում հիմնադրված խումբն անմիջապես հավաքեց Հարավային Ամերիկայում Led Zeppelin-ի ստեղծագործական գործունեության համախոհ երկրպագուներին։

Ի թիվս այս ամենի՝ բրազիլացին սիրում է ճանապարհորդել եւ հաճույքով է ընդունում հրավերները։ «Ինձ հրապուրում են հեռավոր երկրները, նրանց մշակույթը, մարդիկ։ Այստեղ՝ Բրազիլիայում, մենք ենթարկվել ենք արեւմտյան սովորույթների հարձակումներին, որոնք իրենց հետ բերել է ամերիկյան զանգվածային մշակույթը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Mister C-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ