News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 

Սահմանադրական փոփոխություններով հռչակվում է մենիշխանություն, որով, ըստ էության ոչնչացնում ենք պառլամենտական համակարգը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նշել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: 

Պարոն Ջհանգիրյան, ընդդիմության պնդումներին, թե  սահմանադրական փոփոխությունները միտված են միայն Սերժ Սարգսյանի հավերժացմանը, իշխանության ներկայացուցիչները հակադարձում են, թե գործող Սահմանդրությամբ եւս կարող էր  Սերժ Սարգսյանը հավերժանալ, խոչընդոտ չեն համարում գործող Սահմանադրությունը։ Կիսո՞ւմ եք այդ մոտեցումը:

Եթե նկատել եք, ես իմ բոլոր հարցազրույցներում, ելույթներում կոնկրետ  անձի վերաբերող   մասն անտեսում եմ: Տեսեք՝ 1995 թվականին ասում էին Տեր-Պետրոսյանն ուզում է 3-րդ անգամ առաջադրվել, 2005-ին ասում էին` Քոչարյանը փոխեց  Սահմանադրությունը, որ վարչապետ  դառնա, հիմա էլ ասում են` Սերժ Սարգսյանը այս կամ այն պաշտոնը կստանձնի: Ես այդ պնդումներին չեմ անդրադառնում, որովհետեւ նման ծրագրերը երբեք մաքուր, լիարժեք չեն իրականանում: Բայց էստեղ վտանգը  դա չէ: Փաստացի ձեւավորված քաղաքական մենաշնորհը, որը հիմա առկա է  Հայաստանում՝  ե՛ւ Ազգային Ժողովի, ե՛ւ կառավարության, ե՛ւ նախագահի աթոռները  զբաղեցնում են նույն կուսակցության ղեկավարները, ամրապնդում, Սահմանադրական սկզբունք  ենք հռչակում նոր Սահմանադրությամբ: Սա ինձ համար ամենաանընդունելի առարկությունն է այս հարցում:

Իշխանությունները նշում են, որ սահմանադրական փոփոխությունները համակարգային փոփոխություն են, որի միջոցով  քայլ առ քայլ կհաղթահարեն ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը, կկայանա կուսակցական համակարգը։ Նաեւ իշխանափոխությունն են հնարավոր համարում, ինչի հետ համաձայն չէ ընդդիմությունը։  Նոր Սահմանադրության հիմնական խնդիրը ո՞րն է, որ վանում է ընդդիմությանը:

Ցանկացած Սահմանադրության համար՝ կլինի նախագահական, կիսանախագահական, թե խորհրդարանական,  գլխավորն իշխանության հարցն է: Սահմանադրությամբ մեկ առաջնային մանդատ ունեցող մարմին նախատեսված լինի, թե երկու, ըստ էության կարեւոր չէ: Առանցքային խնդիրը հետեւյալն է` այդ իշխանությունը ձեւավորվո՞ւմ է ժողովրդի կողմից, իշխանության աղբյուրը ժողովո՞ւրդն է, թե ոչ: Սա է  հիմնական հարցը:  Բացի դրանից կան տասնյակ այլ կարեւոր խնդիրներ: Այն Սահմանադրությունը, որը ներկայացված է գործող իշխանության կողմից, չի ապահովում, որպեսզի միակ առաջնային մանդատ ունեցող Ազգային ժողովը ձեւավորվի ազատ, արդար, հավասար ժողովրդավարական ընտրությունների միջոցով։ 

Ասեմ` ինչու: Եթե մենք անցնում ենք պառլամենտական համակարգի, Ազգային ժողովը պետք է համամասնորեն ներկայացնի  այն քաղաքական ուժերին ում  ժողովուրդը գործուղում է օրենսդիր մարմին: Հնարավոր է, որ մեծամասնության քվեն ստանա նույնիսկ մեկ քաղաքական ուժ, կամ դաշինքը, դա էլ է ժողովրդավարության հաղթանակ: Բայց եթե մենք գրում ենք մի հոդվածով, որ Ազգային ժողովը կազմված է լինում առնվազն այսքան պատգամավորներից եւ այնտեղ պետք է ապահովենք քաղաքական մեծամասնություն եւ, եթե այդ մեծամասնությունը,  չի ձեւավորվում առաջին փուլի ժամանակ, մենք անցկացնում ենք երկրորդ փուլ, այդ երկրորդ փուլով արդեն պառլամենտարիզմը ոչնչացնում ենք, որովհետեւ եթե չորս, հինգ, յոթ քաղաքական ուժեր հաղթահարել են հինգ տոկոսի շեմը եւ անցել Ազգային ժողով, նրանց պետք է շահագրգռենք, եթե կուզեք «պարտադրենք», որպեսզի զիջումների ու համաձայնությունների գնան, կոալիցիա կազմեն, կառավարություն ձեւավորեն:

Ինչպես պիտի շահագրգռենք: Եթե նրանք չեն ձեւավորում կոալիցիա,  չեն կարողանում վարչապետ նշանակել, կառավարություն ձեւավորել,  ուրեմն  Սահմանադրության ուժով Ազգային ժողովը պետք է արձակվի եւ այս քաղաքական ուժերը պետք է երկրորդ անգամ ընտրությունների գնան, որպեսզի այն քաղաքական ուժը, որը ստացել է ասենք 25-30 տոկոս քվե, չտապալի քաղաքական կոալիցիաների ձեւավորման այդ հնարավորությունը եւ գնա երկրորդ փուլի՝ արհեստականորեն լրացուցիչ բոնուսներ ստանալու նպատակով: Երկրորդ փուլով ըստ էության ոչնչացնում ենք պառլամենտական համակարգը եւ հռչակում քաղաքական մենիշխանություն: 

Ձեր քաղաքական հակառակորդները որպես գլխավոր առավելություն` շեշտում են ամբողջական համամասնական ընտրակարգին անցումը, որն ընդդիմության պահանջն է եղել:  Հիշեցնում են ընդդիմության  հաշվարկները, որ եթե չլինեն մեծամասնական պատգամավորները, ՀՀԿ-ն չի լինի Խորհրդարանում մեծամասնություն, ինչը  բոլորովին նոր իրավիճակ կստեղծի։ Հիմա ամբողջական համամասնական ընտրակարգին անցնելու  դեպքում հնարավոր չէ՞  այս ծրագիրն իրագործել։

Ներկա  ընտրական համակարգի դեպքում իշխանությունը մեծամասնությունը ապահովում է 41 մեծամասնական  տարածքներում «ընտրված»  պատգամավորների միջոցով: Նոր նախագծով իբր հրաժարվում են այս «վատ» մեծամասնական համակարգից: Իրականում հանրապետության տարածքը ոչ թե բաժանվելու է 41 մեծամասնական ընտրատարածքի, այլ ասենք 80 ընտրատարածքի: Ապագա ընտրական համակարգի այդ 80 բոնուսին  իրենք ավելացնում  են նաեւ 2-րդ փուլի բոնուսը: Ընդ որում, այդ բոնուսը մենք ապահովում ենք օրենսդրորեն ձեւակերպված, բայց ըստ էության ապօրինի դրույթներով:

Պարոն Ջհանգիրյան, ենթադրենք ընդունվեց այս Սահմանադրությունը, ի՞նչ է լինելու քաղաքական կյանքում, արմատական ընդդիմության վիճակն ավելի՞ է բարդանալու, հաշվի առնելով, որ որոշ կուսակցություններ այս հարցում  սատարեցին իշխանությանը, որի արդյունքում, ըստ մեկնաբանությունների, իրենց տեղը կունենան գալիք խորհրդարանում:

Ես գուշակություններ չեմ անում, բայց ասեմ հետեւյալը` ընդդիմության վիճակը միշտ էլ բարդ է եղել մեր երկրում,  այդ ե՞րբ է  հեշտ եղել: Ընդդիմության վիճակը հեշտ է այն պարագայում, երբ  քաղաքական ուժն իրեն հայտարարում է ընդդիմություն, բայց քողարկված կամ բացահայտ համագործակցում է իշխանության հետ։ Հիմա ես այդ ընդդիմությունների խնդիրը Ձեզ հետ չեմ քննարկի, դա քննարկեք իրենց հետ: Իրական ընդդիմությունը զրկված է գոյատեւելու տարրական միջոցներից, գործարարների ֆինանսական  աջակցությունից: Իրավապահ մարմինները ընդդիմության քաղաքական ակցիաներին լիովին այլ վերաբերմունք են ցուցաբերում, քան իշխանական եւ ոչ իշխանական ուժերի միջոցառումներին եւ այլն եւ այլն:

Իշխանությունը նաեւ պնդում է, որ նոր Սահմանադրությամբ ընդդիմության վիճակը լավանալու է, վերահսկողական լծակներ է ունենալու…

Օրինակ,  ո՞ր վերահսկողական լծակի մասին եք ուզում խոսենք. Քննիչ հանձնաժողովի՞, շատ լավ: Այո, լավ դրույթ է, որ իրավունքի ուժով պատգամավորների մեկ քառորդի պահանջով կարող է Քննիչ հանձնաժողով ձեւավորվել, բայց նախատեսված է նաեւ, որ  Քննիչ հանձնաժողովը  որեւէ պետական մարմնից ու պաշտոնատար անձից որեւէ տեղեկություն պահանջելու համար պետք է ունենա անդամների մեկ քառորդի համաձայնությունը: Անդամների մեկ քառորդ ունենալն արդեն բարդ է, քանի, որ այդ հանձնաժողովը պետք է կազմված լինի քաղաքական ուժերի նույն համամասնությամբ, ինչ Ազգային ժողովը: Այսինքն՝ Քննիչ հանձնաժողովը փաստացի չի կարող անկաշկանդ գործել: Այդ հանձնաժողովի գործունեությունը խոչընդոտող էլի դրույթներ կան:

Երկրորդ. ասում են` երեք հինգերորդ ձայնով պետք է ընտրվի Գլխավոր դատախազը, ԿԸՀ նախագահը, ԿԲ նախագահը, Հաշվեքննիչ պալատի նախագահը, ՀՌԱՀ նախագահը, եւ այլն բայց նույն Սահմանադրությամբ կա դրույթ, եթե Ազգային ժողովը երեք ամսվա ընթացքում չի կարողանում երեք հինգերորդի ձայներով ընտրել այս պաշտոնատար անձանց, ապագա նախագահը դրանց նշանակում է որպես ժամանակավոր պաշտոնակատարներ: Այսինքն՝ ավարտվեց, ուրեմն այն քաղաքական ուժը, որը ունի 50 տոկոս եւ մեկ ձայն եւ կարողացել է ընտրել իր նախագահին (որն էլ պիտի սկզբում ընտրվեր երեք քառորդով, 2-րդ փուլում՝ երեք հինգերորդով, եթե դա էլ չի լինում, պարզ մեծամասնությամբ) նրա միջոցով կնշանակի իր նախընտրած պաշտոնյաներին: Ո՞ւր մնաց պառլամենտարիզմը:

ԱԺ փոխխոսնակի պաշտոնի մասին  էլ են շեշտում իշխանության ներկայացուցիչները: Ի վերջո եթե փոխոխոսնակներից մեկը եղավ  ընդդիմության ներկայացուցիչ,  այդ պաշտոնով ի՞նչ է հնարավոր  փոխվել:

Եկեք դիտարկենք, թե  ի՞նչ է տալիս փոխխոսնակի պաշտոնը: Դա օրենսդիր մարմնի ֆունկցիոնալ գործունեության տեսանկյունից լծակ չէ, որովհետեւ օրենսդիր մարնում որոշումներն ընդունվում են մեծամասնությամբ: Հիմա՝ փոխխոսնակն իր մի ձայնով ազդելո՞ւ է մեծամասնության որոշումների վրա, ո՛չ, բայց ունենալու է ասենք մի քիչ լայն աշխատասենյակ, քարտուղարուհի, ավտոմեքենա, վարորդ,  երկու օգնական: Հետեւաբար ընդիմությանը (ես կասեի ոչ իշխանական ուժին) պաշտոն են տալիս եւ ոչ թե լծակ կամ լիազորություն:

Իսկ ՀՀ քաղաքացիներին ի՞նչ է սպասում, եթե նոր Սահմանադրությունն անցնի:

Ես իմ առաքելությունը տեսնում եմ  նրանում, որպեսզի Սահմանադրության վտանգավոր դրույթները ներկայացնեմ մեր քաղաքացիներին, բարձրաձայնեմ, որ չի կարելի քաղաքական համակարգ փոխել, որն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում: Մասնավորապես անդրադառնամ անվտանգության եւ պաշտպանության ոլորտին:

Հիմա մեզ մոտ պատերազմակա՞ն վիճակ է, թե խաղաղություն: Զինադադար է, որն ամեն օր խախտվում է: Ոչ թե հրաձգային  սովորական զենքերից արձակվող կրակոցներով, այլ  խոշոր  տրամաչափի հրթիռա-հրետանային զինատեսակներով: Այսինքն՝ փաստացի պատերազմ է:  Հիմա էսպիսի վիճակում պետք  է Հայաստանը ունենա գերագույն գլխավոր հրամանատար, թե ոչ: Այսօր ունի, բայց եթե Աստված չտա այս նոր Սահմանադրությունը անցնի, չենք ունենալու,  բայց չէ՞ որ գերագույն  գլխավոր հրամանատարը անհրաժեշտ է նաեւ խաղաղության ժամանակ, էլ չեմ ասում` էսպիսի դանդաղ պատերազմական վիճակում: Պաշտպանության խնդիրներով` ֆինանսավորում, զինում, թիկունք, մարտական պատրաստվածություն, համալրում եւ այլն պետք է  զբաղվի ոչ միայն պաշտպանության նախարարը, վարչապետը, այլեւ գերագույն գլխավոր հրամանատարը: Եթե խաղաղության ժամանակ բանակին վերաբերող հարցերով չի զբաղվում, ապա ինչպե՞ս է պատերազմի ժամանակ Զինված ուժերի գերագույն հրամանատարի գործառույթ կատարելու: Անվտանգության գործող համակարգը 20 տարի ապահովել է Հայաստանի Հանրապետության, Ղարաբաղի Հանրապետության  անվտանգությունը եւ այն փոխելու առիթ ու հիմք չեմ տեսնում:

Ընդհանրապես կառավարման համակարգի փոփոխությունն արհեստական է: Ժողովրդավարությունը կապ չունի կառավարման համակարգի հետ`նախագահական, կիսանախագահական, պառլամենտական, ոչ մի տարբերություն չկա: Նույն  Վենետիկի հանձնաժողովը, որը իշխանությունների կողմից հաճախակի ցիտվում է, իր եզրակացության մեջ հայտարարում  է, որ ժողովրդավարության հետ երեք կառավարման համակարգերն էլ համադրելի, ընդունելի են:

Վտանգների վերաբերյալ ձեր մեկնաբանությունները, հիմնավորումները որքանո՞վ են ազդելու քաղաքացիների դիրքորոշման վրա։

Այդ հարցին ես չէ, որ պետք է պատասխանեմ: Իմ դիտարկումներով շատերը դեմ են նոր նախագծին:

Դեմ են, որովհետեւ Սերժ Սարգսյանի իշխանությա՞նն են դեմ, թե ձեր ներկայացրած վտանգներն են հաշվի առնում։

Ժողովուրդը շատ պրագմատիկ է վերաբերվում Սահմանադրության նախագծին: Ինքը  վատ է ապրում հարազատները գործազուրկ են, արտագաղթում են:  Սահմանադրական այս փոփոխությամբ ո՛չ իրեն են  գործ  տալու, ո՛չ աշխատավարձն  են բարձրացնելու, ո՛չ էլ նպաստն ու թոշակը: Եվ գործող իշխանությունը շարունակելու է իշխել:

Զրուցեց Գայանե Սարիբեկյանը

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ