Նոյեմբերի 3-ին Տուլայի մոտ Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարից տուժած 30-ամյա Տիգրան Հակոբյանն արդեն ապաքինվում է, սակայն ողբերգական օրվա հիշողությունները դեռ երկար կհետապնդեն նրան։ Տիգրանի հետ նույն ավտոբուսով Հայաստան էր վերադառնում հայրը։ 54-ամյա Գառնիկ Հակոբյանը որդու նման հաջողակ չի գտնվել. վթարից ժամեր անց նա հիվանդանոցում մահացել է։
Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի բնակիչ Տիգրանը դեպքից ոչինչ չի հիշում, քնած է եղել, վթարից հետո ուշագնաց է եղել, ուշքի է եկել գոռգոռոցներից, ինքնուրույն դուրս եկել ավտոբուսից, ավելի ուշ օգնության են հասել ավտոբուսում գտնվող նրա մորեղբայրը եւ քեռորդին։
«Ահագին ուշ եմ ուշքի եկել, չէի հասկանում՝ ինչ է կատարվել, միայն ճվճվում էին՝ դուրս եկեք, հեսա ավտոբուսը կպայթի։ Ու զարթնել եմ այդ իրավիճակի մեջ ու գետնին ընկած, նստարանները՝ վրաս, գիտեի, թե էլի քնած եմ։ Մեկ էլ այն եմ հիշում, որ հիվանդանոցում էի արդեն»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Տիգրանը։
Տիգրանի ցավերը սաստկացել են հիվանդանոցում, սակայն ծանր վիճակում նույն հիվանդանոց տեղափոխված հոր մասին անհանգստությունն իր ցավից առավել էր, նույնիսկ չի հետաքրքրվել, թե վթարն ինչի հետեւանքով է տեղի ունեցել։
«Այդ ժամանակ ոչ թե իմ վիճակն ու պատահարի պատճառներն էին ինձ հուզում, այլ հորս մասին էի մտածում։ Հայրս վատ պառկած էր, ավելի շատ իրենով էի հետաքրքրված, իմ ցավն էլ էի մոռացել, խոսակցություններին ուշադրություն չեմ դարձրել»,-ասում է երիտասարդը։
Տիգրանը նույնիսկ տեղյակ չէ, թե վթարի պատճառի ինչ վարկածներ են շրջանառվում. հոր մահից հետո հեռուստացույց չեն դիտում, սակայն նա ուզում է, որ մեղավորը պատժվի։
«Ես չգիտեմ՝ կոնկրետ ով է մեղավոր, ուզում եմ իմանալ, ծնող եմ կորցրել, ջարդված եկել եմ տուն, ինձ շատ հետաքրքիր է, թե ով է մեղավոր։ Եթե ավտոբուսի անսարքությունն է, թող պատժվի մեղավորը, եթե վարորդի մեղավորությունն է, իհարկե, վարորդը պետք է պատժվի»,-ասում է Տիգրանը։
Տիգրանը, որն ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան, առաջիկայում չի նախատեսում վերադառնալ. վթարի ֆիզիկական եւ հոգեբանական հետեւանքները դեռ երկար նրան թույլ չեն տա կրկին անցնել այդ մղձավանջային ճանապարհը։
Հիշեցնենք, որ Տուլայի մարզում ողբերգական վթարը տեղի էր ունեցել 2015թ. նոյեմբերի 3-ին։ Վթարից զոհվել է 9 մարդ։ Վթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ «ճանապարհային երթեւեկության կանոնները եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնները խախտելու» հոդվածով։ Վթարված ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է։

Լուսանկարում` ավտոբուսի վթարից զոհված Գառնիկ Հակոբյանը



























