News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը ահազանգում է, որ Թուրքիան Սիրիայի պատերազմից մազապուրծ փախստականներին սահմանից հետ է ուղարկում։ Ինչպես գրում է Deutsche Welle-ն, թուրք սահմանապահները սկսել են չընդունել սիրիացի փախստականներին՝ հետ ուղարկելով նրանց մահվան։

Թուրքիայի սահմանները փախստականների առաջ փակելը հարկադրում է հղիներին, երեխաներին, մեծահասակներին ու հիվանդներին բախվել թուրք սահմանապահների հետ, որպեսզի կարողանան փախչել Սիրիայի պատերազմի սարսափից, գրում է պարբերականը։

HRW-ի փախստականների հարցերով մասնագետ Գարի Սիմփսոնը քննադատում է թուրքիայի քաղաքականությունը։ HRW-ի տեղեկությունների համաձայն՝ այս տարվա մարտից արդեն Թուրքիան միայն բացառիկ դեպքերում էր թույլ տալիս սիրիացի փախստականներին օրինական կացության իրավունք ստանալ իր երկրում։ Դեռեւս բաց մնացած 2 անցակետերը՝ Անթաքիայում եւ Քիլիսում, գործածվում են միայն հումանիտար օգնություն մատակարարելու եւ գրանցված առեւտրականների համար։ «Թուրքիան մինչ այս գրկաբաց ընդունում էր սիրիացիներին։ Երկիրն իհարկե իր սահմանների անվտանգությունն ապահովելու իրավունք ունի։ Սակայն նրանք իրավունք չունեն ապաստան խնդրող փախստականներին հետ ուղարկել»,- ասում է Սիմփսոնը։

Սիրիայի քաղաքացիական պատերազմից հետո Թուրքիան ընդունել է 2.2 մլն սիրիացի փախստական։ Սակայն նրանց մեծ մասն ապրում է ինքնուրույն՝ առանց փախստականի կամ քաղաքական ապաստանի կարգավիճակի։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը  հանդես էր եկել Թուրքիայի քննադատությամբ՝ նշելով, որ իշխանությունները  բավական ջանքեր չեն գործադրում իսլամական պետության զինյալների մուտքը երկրի տարածք կանխելու համար, Թուրքիան մի քանի ամիս խստացրեց սահմանային հսկողությունը։ HRW-ի փորձագետի կարծիքով Թուրքիայի իշխանություններն օգտագործում են այդ հնարավորությունը նաեւ Սիրիայից եկող փախստականների հոսքը կանխելու համար։

Տպել
Ամենաշատ