News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել այսօր դատարան ուղարկված՝ Ավետիսյանների սպանության գործի վերաբերյալ:

Ըստ ՔԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ 2015 թվականի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կատարվել է  ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վ.Պերմյակովի կողմից, որը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով եւ զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։

ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Վալերի Պերմյակովը 2014թ. մայիսի 21-ին զորակոչվել է ՌԴ զինված ուժեր եւ ծառայության անցել Զաբայկալյան երկրամասի Պեսչանկա գյուղի մոտ: Հետագայում կլիմայական տաք պայմանների եւ դրամական բավարարման բարձր չափի պատճառով ցանկություն է հայտնել ծառայությունը շարունակել ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայում: 2014թ. նոյեմբերի 28-ին, ի թիվս այլ զինծառայողների, Վ.Պերմյակովը տեղափոխվել է եւ ծառայությունը շարունակել  Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասում: Նրան ամրակցվել է ԱԿՍ-74 տեսակի N համարի ինքնաձիգը՝ 689 համարի սվին դանակով:

2015թ. հունվարի 12-ին Վ.Պերմյակովն իրեն ամրակցված ինքնաձիգով, 5,45մմ տրամաչափի 60 փամփուշտով եւ 689 համարի սվին դանակով իրականացրել է պահակային ծառայություն։ Ժամը 02-ի սահմաններում ինքնակամ լքել է պահակակետը եւ հագուստներ, գումար հայթայթելու նպատակով շրջել է Գյումրի քաղաքում:

Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ ժամը 06-ի սահմաններում հասնելով Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ հասցեի տան մոտ, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ` դարպասի բաց դռնակից մտել է բակ, մոտեցել տանը, սվին դանակով մուտքի դռան ապակին հանելու եւ ներսի կողմից փականի վրա մնացած բանալիով դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել նշված տուն, որտեղ երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ` իր մոտ եղած ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգից ուղիղ նշանառությամբ արձակած 28 կրակոցով տեղում սպանել է նույն տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին եւ մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին։

Այնուհետեւ մանկահասակ Սերյոժա Ավետիսյանին առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ, ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված է հասցրել մոր գրկում, անօգնական վիճակում գտնվող երեխայի մարմնի կենսական կարեւոր օրգաններին, թեեւ ուներ երկու փամփուշտով լիցքավորված ինքնաձիգ եւ երեսուն փամփուշտով լիցքավորված պահեստային պահունակ։ Ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով մանկահասակ երեխան հիվանդանոցում յոթ օր անց մահացել է:

Նախնական քննության տվյալներով՝ Վալերի Պերմյակովը զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով նույն տնից հափշտակել է սպորտային գլխարկ, տաբատ, բաճկոն, մեկ զույգ կիսաճտքավոր կոշիկ, «NOKIA 302ե, «NOKIA 6300ե, «NOKIA 7260ե տեսակի բջջային հեռախոսներ, 6000 ՀՀ դրամ կանխիկ գումար եւ դեպքի վայրից հեռացել:

Այնուհետեւ Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու դիտավորությամբ՝ նա, դուրս գալով Գյումրի քաղաքի վարչական տարածքի սահմաններից, հասել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության թիվ 2012 սահմանապահ ջոկատի Բայանդուրի ուղեկալի սպասարկած Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանի հատված։ Տեղանքը դիտարկելու, սահմանի անվտանգ անցման ուղիներ փնտրելու նպատակով ժամը 17-ի սահմաններում գաղտնի հատել է սահմանային շերտի ինժեներատեխնիկական կառույցի համալիրը, ուսումնասիրել տեղանքը, հետ վերադարձել՝ պլանավորելով առավել անվտանգ իրադրությունում՝ գիշերը, ապօրինի հատել սահմանը:

Նույն օրը՝ ժամը 24-ի սահմաններում, նա փորձել է ապօրինի հատել Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանի Բայանդուրի 12-րդ ուղեկալի 1-ին տեղամասի հատվածը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 2015թ. հունվարի 13-ին՝ ժամը 00:12-ին, բռնվել է Բայանդուրի ուղեկալի ծառայողների կողմից:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վ.Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով եւ 34-329-րդ հոդվածի 1-ին մասով: Վ.Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է եւ գործն ուղարկվել դատարան՝ ըստ էության քննելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ