ՌԴ ԱԳՆ-ն Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքի ավելացման պատճառով ռուսաստանցիներին խորհուրդ չի տալիս այցելել այդ երկիր: Այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Թուրքիայի տարածքում ահաբեկչական դրսեւորումների կրիտիկական զանգվածը, մեր գնահատականով, բոլորովին պակաս չէ Եգիպտոսինից: Այդ կապակցությամբ մենք մեր քաղաքացիներին խորհուրդ չենք տալիս զբոսաշրջային կամ այլ նպատակներով այս փուլում այցելել Թուրքական Հանրապետություն», - ասել է Լավրովը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքն աճում է, ընդ որում դա կապված չէ ռուսական ռազմական ինքնաթիռի իրավիճակի հետ:
«Այսօր անհրաժեշտ է ընդգծել, որ աճում են Թուրքիայի տարածքից բխող ահաբեկչական սպառնալիքները: Եվ դա կապված չէ այն դեպքի հետ, որը տեղի է ունեցել այսօր», - ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ ռուսական Սու-24-ը, որը Սիրիայում մասնակցում էր ահաբեկիչների դեմ օդային գործողությանը, թուրքական ՌՕՈՒ-ի կողմից ոչնչացվել է Թուրքիայի սահմանի մոտ: Ինչպես ճշտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ռուսական ռմբակոծիչը չէր սպառնում Թուրքիային եւ հրթիռահարվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա: