News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում մասնակցել է Երեւանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հիմնադրման 50-ամյա հոբելյանի առթիվ կայացած հանդիսավոր միջոցառմանը:

Հոբելյանի կապակցությամբ տեղի է ունեցել հատուկ ծրարի մարման արարողություն: Դպրոցի 50-ամյակին նվիրված յուրահատուկ ֆիլատելիստական այդ արտադրանքի՝ հատուկ ծրարի վրա փակցված է 2006թ. թողարկված՝ դպրոցի հիմնադիր, ակադեմիկոս Արտաշես Շահինյանի 100-ամյակին նվիրված նամականիշը, որը մարվել է հատուկ դրոշմակնիքով: Ծրարին պատկերված են Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի շենքը եւ դպրոցի 50-ամյակին նվիրված լոգոտիպը:

Հանրապետության նախագահի հրամանագրերով՝ մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ունեցած վաստակի համար Երեւանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անժելա Սերյոժայի Նազարեթյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում, իսկ մաթեմատիկայի ուսուցիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արման Հովհաննեսի Սարգսյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիսավոր միջոցառման ժամանակ ուսուցիչներին հանձնել է պետական բարձր պարգեւները, շնորհավորել նրանց եւ Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրինությանը, ամբողջ ուսուցչական կազմին, աշակերտներին, նրանց ծնողներին, շրջանավարտներին ու հյուրերին՝ դպրոցի հիմնադրման 50-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Անցած հինգ տասնամյակների ընթացքում դպրոցը եղել է եւ այսօր էլ մնում է մեր լավագույն կրթական հաստատություններից մեկը, որը, իրավամբ, համարվում է մեր գիտական հանրությունը համալրող կարեւորագույն օջախներից մեկը: Այդ հինգ տասնամյակների ընթացքում բազմաթիվ մարդիկ պատիվ են բերել մեր ժողովրդին, մեր գիտությանը, մեր դպրոցին՝ ձեր դպրոցին: Ես դրա համար՝ ձեր վաստակի, անշուշտ, երախտապարտ եմ ձեզ: Ավելորդ է այստեղ խոսել դպրոցի կարեւորության, գիտության կարեւորության մասին, որովհետեւ բոլորդ էլ տեսնում եք, որ մեր կարեւորագույն նպատակներից մեկն է՝ խրախուսել օժտված երեխաներին, խրախուսել ընդհանրապես մեր երեխաներին՝ ստանալ գիտելիք եւ այն օգտագործել հանուն սեփական շահի, բարեկեցության ու նաեւ հանուն մեր Հայրենիքի: Կիսելով ձեր ուրախությունը՝ մաղթում եմ ձեզ հաստատակամություն, նորանոր հաջողություններ եւ հավաստիացնում եմ ձեզ, որ մենք՝ որպես իշխանություններ, մշտապես դպրոցի կողքին ենք լինելու եւ մասնավորապես՝ Ֆիզմաթ դպրոցի կողքին: Մեր օժանդակությունը դուք մշտապես զգալու եք: Մենք ձեզնով հպարտանում ենք, մենք հպարտանում ենք ձեր աշակերտներով: Եվ թող իրադարձություններն այնպես զարգանան, որպեսզի այս հպարտության զգացողությունը մեզ մոտ լինի հավերժ: Հաջողություն եմ մաղթում ձեզ»,-ողջույնի խոսքում ասել է Նախագահը:

Դպրոցի 50-ամյա պատմության եւ ձեռքբերումների մասին ելույթով հանդես է եկել տնօրեն Հայկազ Նավասարդյանը: Հոբելյանի կապակցությամբ ողջույնի խոսք է ասել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը պարգեւատրվել է նաեւ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի կողմից՝ արժանանալով «Երախտագիտություն» մեդալի: ԼՂՀ պետական պարգեւը դպրոցի տնօրինությանն է հանձնել միջոցառմանը մասնակցող ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել են ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 50-ամյա ուղին՝ զարգացման տարբեր փուլերը, ձեռքբերումներն ու նոր ծրագրերը ներկայացնող տեսանյութեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ