Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նոյեմբերի 24-ին թուրքական ուժերի կողմից խոցված ռուսական «Սու-24» ռմբակոծիչի հարցով հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի իր գործընկեր Դեվիդ Քեմերոնի հետ։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Դավութօղլու-Քեմերոն հեռախոսազրույցը, որի ժամանակ Թուրքիայի վարչապետը բրիտանացի իր գործընկերոջը տեղեկացրել է խոցված ռմբակոծիչի հետ կապված զարգացումները։
Դավութօղլուն նշել է, որ այդ հարցով Թուրքիան արդեն դիմել է ՄԱԿ-ին եւ ՆԱՏՕ-ին, ինչպես նաեւ Թուրքիայում ՄԱԿ-ի P5 երկրների դեսպանների հետ խորհրդակցություն անցկացրել։
Նշենք, որ նոյեմբերի 24-ին թուրքական ուժերը խոցել են Սիրիայում թուրքական կողմի աջակցությունը վայելող ահաբեկիչներին հարվածող ռուսական «Սու-24» ռմբակոծիչը։