News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակիչ Լուսիկ Աբովյանը կյանքի 76-րդ տարում «հռչակ էր ձեռք բերեկ» այն բանից հետո, երբ մառախուղի մեջ մոլորվել էր եւ հայտնվել հարեւան Ադրբեջանում։ NEWS.am-ի թղթակիցները, գործուղման ժամանակ այցելելով Տավուշի  մարզ, չէին կարող չօգտվել առիթից եւ չայցելել Լուսիկ տատիկին։

Լուսիկ տատիկի եւ Նորիկ պապիկի տունը ամուր, երկհարկանի տուն է։ Սակայն վերանորոգման բացակայությունը եւ տան տերերի տարիքն իրենն ասում է՝ ձեղնահարկը ծակ է, ճակատամասը՝ փուլ եկած, իսկ ամուսիններն ապրում են առաջին հարկի շինությունում։ Ցածր պատուհանով եւ հողե հատակով մութ սենյակում դրված է 3 անկողին, սեղան, 2 աթոռ եւ փայտի վառարան։ Երեխաները առանձին են ապրում, իսկ տունը աստիճանաբար դատարկվում է։

Հյուրերին՝ թեկուզ անծանոթ, սրտաբաց են դիմավորում։ Լուսիկ տատը շտապում է սուրճ դնել։ Նորիկ պապը, որին անկոչ հյուրերը խանգարում են հեռուստացույց դիտել, չնայած չանհանգստանալու մասին հորդորներին, վեր է կենում անկողնուց։ Հայրենիք վերադառնալու պահից ի վեր հարյուրերորդ անգամ Լուսիկ տատը հայրենի Տավուշի բարբառով պատմում է իր չարաբաստիկ արկածի  մասին։ Նոյեմբերի 8-ին մի գլուխ պանիր վերցնելով՝ տատը բարեկամներին հյուր էր գնացել։ Մտքերի մեջ ընկած, մառախուղի պատճառով մոլորվելով՝ նա հայտնվել էր ադրբեջանական կողմում։

Դուրս է եկել ոչխարների հոտի մոտ, տեսել՝ կողքին ադրբեջանցի հովիվներ են։ Լուսիկ տատը ո՛չ ադրբեջաներեն գիտի, ո՛չ ռուսերեն։ Դրա փոխարեն հովիվներն հասկացել էին, որ իրենց առջեւ հայուհի է կանգնած։ Ինչ-որ մեկին կանչել էին, Լուսիկ տատին մեքենան էին  նստեցրել ու տարել։ Գնացել էին մի քանի ժամ։ Կինը խոստովանում է, որ վախեցել էր, սակայն ասում է, որ «այնտեղ» իրեն նորմալ են վերաբերվել։  Նախազգուշությունից ելնելով՝ Լուսիկ տատը ուտելիքից հրաժարվել է։ Լուսիկ տատը՝ նույն կանաչ խալաթով եւ գլխաշորով, ինչ «ճանապարհորդությունների» ժամանակ, պատմում է ծիծաղով, առանց դեմքին վախի նշույլի։

Խոսակցությանը միջամտում է Նորիկ Պապը։ Թաշկինակով սրբելով աչքերը՝ (պապը տեսողական խնդիրներ ունի) նա պատմում է, որ այդ օրը կինը ճաշ է եփել եւ դուրս եկել տնից։

«Գիշերն եկավ, ինքը չկար։ Ողջ գիշեր հարազատներն ու համագյուղացիները փնտրեցին։ Մտածում էինք՝ սրտի կաթված է ստացել։ Հաջորդ օրը պարզ դարձավ, որ ադրբեջանական կողմում է,- պատմում է Նորիկ պապը։- Լուսիկը էներգիայով լի է։ Առանց գործի չի նստում։ Պետք է ջահել ժամանակ տեսնեիք, գործը ձեռքին եռում էր»։

Զույգն ամուսնացած է 53 տարի, այդ ընթացքում մեծացրել է 4 երեխա՝ 2 որդի, 2 դուստր։

Նորի Աբովյանը խոստովանում է, որ շատ էր անհանգստանում կնոջ համար։ «Մեկ ուրիշը նրա փոխարեն վախից կմեռներ, իսկ նրա վրայից չի երեւում»։ Առաջարկը, թե տատիկին տանից դուրս չթողնի, մերժում է, ասում է՝ շատ ակտիվ է։

«Կարեւորը, որ ողջ-առողջ վերադարձել է։ Ես էլ կմեռնեի, եթե նրան մի բան լիներ»,- խոստովանում է պապը։

Իսկ պանիրը աղջիկը հետո ջուրն էր նետել։

Լուսիկ Աբովյանը հայրենիք էր վերադարձել նոյեմբերի 12-ին ԿԽՄԿ միջնորդությամբ։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ