News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիան օդանավի խոցմամբ գնաց չափազանց վտանգավոր ու ռիսկային քայլի, ինչն աննախադեպ էր եւ չեմ կարծում, որ նման քայլը նախապես հաշվարկված չէր։ Այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը։

Թուրքագետը  նշեց, որ Թուրքիան դրանով փորձում է իրավիճակ փոխել եւ ինչ-ինչ իր համար շահեկան դիվիդենտներ ապահովել: «Խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնությանն ու իր դերակատարության մեծացմանը: Սա Թուրքիայի համար լավ հնարավորություն է. առճակատման գնալով Ռուսաստանի հետ փորձել ԱՄՆ-ին ներքաշել և որոշակիորեն փաստի առաջ կանգնեցնել անվտանգության գոտու ստեղծման հարցում: Անկարան արդեն երկար ժամանակ պատրաստում էր Սիրիայում թյուրքմենական գործոնը միջազգային քաղաքականության դաշտ տեղափոխելուն և այդ հարվածը հենց նաև այդ տրամաբանության մեջ է տեղավորվում: Սրանով փորձում են վճառական ու համարձակ երեւալ»,-նշեց բանախոսը:

Հովսեփյանի խոսքով` ռուս-թուրքական հարաբերությունները լարվածության աննախադեպ մակարդակի են հասել եւ Ռուսաստանն ուղղակի արդեն ստիպված է լինելու ինչ-որ կերպ պատասխանել թուրքական այդ քայլին: «Պատասխանը, կարծում եմ, կլինի առավելապես Սիրիայի տարածքում Անկարայի համար ցավագին հարվածներով ու գործողություններով, ինչպես նաեւ ռազմական ներկայության լուրջ մեծացմամբ: Մոսկվայի քայլերը այս կամ այն կերպ կտեղափոխվեն նաև տնտեսական ոլորտ: Ես բացառում եմ ռուս-թուրքական ռազմական բախումը, իսկ լարվածությունը երկար կպահպանվի»,-ասաց նա:   

Հովսեփյանի համոզմամբ` այն ինչ եղավ ռուսական օդանավի հետ, նաեւ մեծ հաշվով, Ռուսաստանի անզգույշ քաղաքականության հետեւանք է, քանի որ Մոսկվան ավանդաբար փորձում էր աչք փակել լրջագույն խնդիրների վրա: «Այնպիսի խնդիրների, որոնք առաջանում էին Թուրքիայի քաղաքականության ու հավակնությունների առումով: Վերջին տարիներին ականատես էինք լինում ռուս-թուրքական հարաբերությունների աննախադեպ զարգացմանը, ինչը հիմնականում էներգետիկ-տնտեսական ոլորտով էր պայմանավորված, այդ ոլորտն էլ իր դերն էր ունենում քաղաքական հարաբերությունների վրա: Կողմերը փորձում էին ամեն կերպ խուսափել  ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական շահերի բախումից, բայց փաստորեն չհաջողվեց դա Սիրիայի պարագայում: Այս ինքնաթիռի խոցմամբ լրջորեն շահերի բախում գրանցվեց: Բայց ժամանակի հետ կողմերը չեն ցանկանա զոհել տարիների ընթացքում տնտեսական ոլորտում կուտակվածը և ունեցած բազան»,-ամփոփեց թուրքագետը:

Տպել
Ամենաշատ