News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջները շատ են, նա կարող է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ճակատագրին արժանանալ, իսկ նրան կարող է փոխարինել, օրինակ, պարոն Գյուլենը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱՊՀ երկրների Ինստիտուտի Եվրասիական ինտեգրման եւ ՇՀԿ զարգացման բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը:

Նրա խոսքով, ռուսական ինքնաթիռի ոչնչացումն Էրդողանի ռազմավարական սխալն էր, որը կհանգեցնի նրա քաղաքական կարիերայի ավարտին: «Այդ սխալը տարբեր գործոններով էր պայմանավորված: Նման որոշման ընդունման վրա ազդել է նաեւ նրա ընտանիքը, ես նույնիսկ կասեի, նրա ընտանիքի որոշ անդամների, մասնավորապես՝ որդու ագահությունը: Հաշվի առնելով, որ հենց Էրդողանի որդու միջոցով էր տեղի ունենում նավթի անօրինական առեւտուրը, նա անձամբ շահագրգռված էր այդ գործունեության շարունակությամբ, իսկ այդ գործունեությունը քողարկում էր թուրքական MIT-ը»,- նշեց Վլադիմիր Եվսեեւը:

Փորձագետը հավելեց, որ Էրդողանի ընտանիքը շահագրգռված էր «Իսլամական պետության» հետ կապի շարունակությամբ՝ անձնամբ հարստանալու նպատակով: «Անհնար է թաքցնել ԻՊ-ի հետ նրա որդու կապը, եթե անգամ նա, ասենք, Իտալիայում է: Եվ դա էլ ռուսական ինքնաթիռի կործանման ճանապարհով սադրանքի պատճառ դարձավ: Հարկ է նշել, որ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ռուսական ուժերը ոչնչացրեցին նավթ տեղափոխող մեքենաները»,- հիշեցնեց Եվսեեւը:

Երկրորդ, ըստ ռազմական փորձագետի, քանի որ Ռուսաստանը սկսել էր ակտիվ պայքար մղել «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման դեմ, որին սատարում էր թուրքական հետախուզությունը, Էրդողանը փորձեց կանգնեցնել Լաթաքիայի հյուսիսային հատվածում եւ Իդլիբում ռուսական եւ սիրիական զորքերի համատեղ գործունեությունը: «Բայց Ռուսաստանը հիմա թույլ չի տա, որպեսզի այնտեղ իսլամականներ մնան: Կազատագրվի ոչ միայն Հալեպի նահանգը, այլեւ Լաթաքիան ու Իդլիբը, դա ընդամենը ժամանակի հարց է: Առաջիկա 4-5 ամիսների ընթացքում այդ հարցը կլուծվի»,- հավելեց մասնագետը:

Երրորդ, սիրիական քաղաքականության տապալման պատճառով Էրդողանը պետք է որեւէ դրական բան աներ ներքին թուրքական օգտագործման համար: «Էրդողանը շատ է ցանկանում նոր Աթաթուրք դառնալ: Նա ցանկանում է առաջնորդ լինել, իսկ առաջնորդը պետք է արտաքին քաղաքական հաջողություններ ունեն: Նրան թվաց, որ ռուսական ինքնաթիռի ոչնչացմամբ հաջողվի ամրապնդել առաջնորդի դիրքերը: Կարծում եմ՝ դա հակառակ արդյունքը կունենա, ամեն դեպքում՝ միջնաժամկետ հեռանկարում»,- ընդգծեց Վլադիմիր Եվսեեւը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ