News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է իր հրավերով Հայաստան ժամանած Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային համագումարի գլխավոր քարտուղար Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարիին։ Այս մասին հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Այաթոլլա Ախթարիի այցը Հայաստան և Ս. Էջմիածին և նշեց, որ նմանատիպ այցելությունները ոչ միայն նպաստում են երկկողմանի փոխճանաչողությանն ու միջկրոնական երկխոսությունների առավել զորացմանը, այլև դրական ներգործություն են ունենում մեր երկու հավատավոր ժողովուրդների զավակների վրա` ապրելու խաղաղ և ստեղծագործ կյանքով:

Ընդգծելով միջկրոնական երկխոսությունների անհրաժեշտությունը` Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ, ինչպես քաղաքական գործիչները, հոգևոր առաջնորդները ևս կարևոր դերակատարություն կարող են ունենալ աշխարհի տարբեր կողմերում իրականացվող ոճրագործությունների և ահաբեկչական գործողությունների կանխարգելման, դրանց հետևանքների հաղթահարման գործում, հատկապես որ այսօր հաճախ ահաբեկչությունը քողարկվում է կրոնական գործոնով:

Այս առնչությամբ Նորին Սրբությունը դատապարտել է Ֆրանսիայում կատարված ահաբեկչությունը, նաև մտահոգություն հայտնել Միջին Արևելքում տիրող ծանր կացության վերաբերյալ:

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է երկու ժողովուրդների պատմական կապերին և ներկայիս հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը: Վերջինիս տեսանելի վկայություն նկատելով իրանահայ համայնքի ազգային-եկեղեցական կյանքը` Նորին Սրբությունն ընդգծել է, որ դա քրիստոնյա և իսլամ ժողովուրդների խաղաղ ու համերաշխ համակեցության գեղեցիկ օրինակ է: Այս առիթով Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնել է հայ համայնքի և նրա հոգևոր-կրթական հաստատությունների նկատմամբ Իրանի իշխանությունների կողմից ցուցաբերվող ուշադրության համար:

Իր հերթին հրավերի և ջերմ ընդունելության համար շնորհակալություն է հայտնել Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարին` փառք տալով Երկնավորին, որ բարեկամ երկու ժողովուրդների միջև ջերմ հարաբերություններն ընդլայնվում են` ընդգրկելով տարբեր ոլորտներ:

Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային Համագումարի գլխավոր քարտուղարը ևս կարևորեց միջկրոնական երկխոսությունները` նշելով, որ կրոնական առաջնորդների միջև ձևավորված փոխհամագործակցությունը գեղեցիկ օրինակ կլինի աշխարհի ժողովուրդների համար և կառաջնորդի նրանց դեպի բոլոր կրոնների կողմից քարոզվող վեհ ու նվիրական արժեքները:

Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարին անդրադարձ է կատարել նաև ծայրահեղականության դրսևորումներին: Նա ընդգծել է, որ որևէ կրոն կոչ չի անում սպանել Աստծո արարածներին, և կրոնական գործիչների պարտականությունն է խստորեն դատապարտել մարդկանց կրոնական հավատալիքները չարաշահող բոլոր այդ երևույթները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ