Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մոնտաժված գլուխգործոց է կոչել թուրքական գլխավոր շտաբի հրապարակած ձայնագրությունը, որում, իբր, արձանագրված է Թուրքիայի օդային տարածք ռուսական Սու-24-ի ներխուժման մասին օդանավի անձնակազմին ուղղված նախազգուշացումը:
«Համացանցում տարատեսակ ձայնագրություններ կան: Շատ հետաքրքիր, նույնիսկ ծիծաղելի հոլովակներ են լինում: Որքա՞ն ժամանակ է պահանջվել, որպեսզի հերթական գլուխգործոցը մոնտաժեն: Մի քանի օ՞ր: Ամեն ինչ հասկանալի է»,- Մոսկվայում կայացած ճեպազրույցում հայտարարել է Զախարովան: Նրա խոսքով, այդ ձայնագրության արժեքը քննարկելն իմաստ չունի:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն Թուրքիային մեղադրել էր «զինված մարդասպաններին» հովանավորելու մեջ, որոնք սպանել են խոցված Սու-24-ի օդաչուին: