News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանում վնասազերծված զինված խմբավորման անդամները դաժան եւ ցինիկ հանցագործություն էին պլանավորում՝ ուղղված քաղաքացիների եւ պետական մարմինների դեմ։ Այս մասին նոյեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը։

Սկզբում ներկայացնելով հասարակությանն արդեն հայտնի տեղեկությունները՝ Միքայել Համբարձումյանն ընդգծեց, որ հետաքննության գաղտնիության պատճառով չի կարող պատասխանել բոլոր հարցերին։ ԱԱԾ ներկայացուցչի գնահատմամբ՝ զինված խումբն իր մեծությամբ, զինվածության աստիճանով եւ պլանավորված հանցագործության  դաժանության մակարդակով նախադեպը չի ունեցել։

«Խմբում դերերը բաշխված էին։ Խումբը տասնյակ հազարավոր դոլարների ֆինանսավորում է ստացել։ Խմբի անդամները թաքցրել են իրենց գործունեությունը, միմյանց հետ կապ են հաստատել գաղտնի համարներով»,- ասել է Համբարձումյանը։

Ներկայումս ձերբակալվել է 21 մարդ։ ԱԱԾ-ն կալանքի միջնորդություն կներկայացնի։ «Այդ մարդկանց մեղավորության հարցը կլուծի դատարանը»,- նշել է Համբարձումյանը եւ հավելել, որ ըստ առկա տեղեկությունների՝ խմբի գործունեությունը կապ չի ունեցել քաղաքական գործընթացների հետ։

Նրա խոսքով՝ ֆինանսավորման աղբյուրները պարզվում են, սակայն հայտնի է, որ գումարը փոխանցվել է Հայաստանում գործող խմբին։ Ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու տարբերակը պարզվում է։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը եղել է Սիրիայում, սակայն թե կոնկրետ ինչով է զբաղվել, դեռեւս պարզ չէ։ Միքայել Համբարձումյանը նշեց, որ արձագանքները, թե խմբի վնասազերծումը բեմականացված ներկայացում էր հիշեցնում՝ հաշվի առնելով, որ խումբը վնասազերծելուց ժամեր անց մամուլի ներկայացուցիչներին հրավիրել էին դեպքի վայր, իրեն ապշեցնում են։ ԱԱԾ ներկայացուցչի խոսքով՝ տունը գրոհելուց եւ 10 հոգու ձերբակալելուց հետո խուզարկություն է կատարվել, առգրավվել են բոլոր իրեղեն ապացույցները։ Հարցին, թե տանը կարող էին լինել խմբի բացակա անդամների հետքերը, ԱԱԾ ներկայացուցիչը նախընտրեց ուշադրություն չդարձնել։

ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի հուզական գնահատականին անդրադառնալով (Հակոբյանը կատարվածը հրեշավոր հանցագործություն էր որակել)՝ Միքայել Համբարձումյանը նշեց. «Նա նույնպես հասարակության անդամ է։ Եթե դուք իմանայիք մանրամասները, դուք նույն բանը կասեիք։ Հասարակության  համար վտանգավոր ճանապարհով սպանություն էր պլանավորվել»։

Թե ում սպանությունն էր պլանավորվել, Համբարձումյանը չհստակեցրեց։ Նրա խոսքով՝ գրոհի պատճառով տանը հասցված վնասը կփոխհատուցվի։  

Ինչպես պնդում է ԱԱԾ ներկայացուցիչը, զինված խմբի գործունեությանը հետեւել են, եւ այն վնասազերծվել է ենթադրյալ հանցագործությունից մի քանի օր առաջ։

Այս կապակցությամբ Միքայել Համբարձումյանը հիշեցրեց 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունը։  «Պատկերացրեք, թե ինչ հաջողություն կլիներ, եթե ստացվեր ժամանակին բացահայտել Նաիրի Հունանյանի մտադրությունը»,- ասել է Համբարձումյանը։

Այս կապակցությամբ հնչած այն հարցին, թե այդ դեպքում ինչու վնասազերծված խմբին ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանք չի ներկայացվել, ԱԱԾ ներկայացուցիչը պատասխանեց, թե օրենսդրությունը թույլ է տալիս վերաորակավորել հանցանքը, եւ այս փուլում ներկայացված մեղադրանքը բավարար է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ