News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածը բազմաթիվ մեկնաբանությունների ու գնահատականների արժանացավ մամուլում ու փորձագիտական հանրության շրջանում: Ոմանք այն համարում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ գործակցությանն ուղղված երկրորդ առաջարկն այս տարվա ընթացքում, ոմանք կարծում են, որ հոդվածի՝ արտաքին քաղաքական հատվածում Տեր-Պետրոսյանը որոշակի շրջադարձ է կատարել այն իմաստով, որ Ռուսաստանին հաճոյանալու փոխարեն՝ ինչպես պատահում է գրեթե միշտ, այս անգամ նույնիսկ որոշակիորեն քննադատել է Ռուսաստանին:

Նման եզրահանգման համար հիմք է հանդիսացել Տեր-Պետրոսյանի հոդվածի հետևյալ հատվածը. «Շուրջ քսանհինգամյա ընդմիջումից հետո աշխարհն այսօր թևակոխում է սառը պատերազմի մի նոր շրջափուլ, որի կիզակետերից մեկը կրկին դառնալու է Մերձավորարևելյան տարածաշրջանը։ Դրա նախանշաններն արդեն իսկ առկա են։ Եռանդուն կերպով ներքաշվելով սիրիական իրադարձությունների հորձանուտը և սերտացնելով հարաբերություններն Իրանի հետ, Ռուսաստանը բացահայտում է իր երկարատև ստրատեգիական շահերն այդ տարածաշրջանում։ Նման պարագայում ակնհայտ է, որ իր թիկունքն ապահովելու նպատակով առաջիկայում նա լուրջ քայլեր է ձեռնարկելու՝ Մերձավոր Արևելքին անմիջականորեն հարող երկրամասերում սեփական դիրքերն ամրապնդելու համար։

Այդ երկրամասերից մեկը, գուցեև ամենագլխավորը, բնականաբար, Անդրկովկասը լինելով, Ռուսաստանն իր առաջնահերթ խնդիրների շարքին է դասելու Ղարաբաղի խնդրի լուծումը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ինչի վկայությունն են, մասնավորապես, Լավրովի Բաքու և Երևան կատարած վերջին այցերը։ Խոսքն ամենևին չի վերաբերում Ռուսաստանի կողմից Ղարաբաղի հարցի լուծման ինչ-որ նոր ծրագիր պարտադրելուն, այլ ընդամենը Մինսկի խմբի եռանախագահության ջանքերով Մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված ծրագրին նոր ավյուն հաղորդելուն»: Ասվածի հիմնական միտքն այն է, որ Ռուսաստանը կարող է իր աշխարհաքաղաքական շահերից ելնելով՝ շահագրգիռ դառնալ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: Թե ի՞նչ տարբերակով, Մադրիդյան սկզբունքներո՞վ, թե՞ այլ, քննարկման այլ նյութ է:

Արձանագրենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը գրեթե պնդում է. «Ռուսաստանն իր առաջնահերթ խնդիրների շարքին է դասելու Ղարաբաղի խնդրի լուծումը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը…»:

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ, ինչպես Տեր-Պետրոսյանն է սիրում ասել, մեղմասացություն: Ով՝ ով, ՀՀ առաջին նախագահը նաև սեփական փորձից լավ գիտի, որ եթե Ռուսաստանն ինչ-որ բան ցանկանում է այս տարածաշրջանում, ապա դա առաջին հերթին՝ հակամարտությունները հնարավորինս երկար ժամանակահատվածով սառեցված պահելն է, որը նրան հնարավորություն կտա պահպանել ու ամրապնդել սեփական դիրքերը տարածաշրջանում, առաջին հերթին՝ Հայաստանում: Այսինքն, Ռուսաստանը եթե իր առաջնահերթությունների շարքին դասում է ղարաբաղյան հակամարտությունը, ապա առաջնահերթություն է համարում ոչ թե՝ դրա հանգուցալուծումը, այլ ճիշտ հակառակը՝ երկարաձգումը հնարավորինս տևական ժամանակով:

Իհարկե, կարող է լինել նաև այլ տարբերակ, որը ոչ մի կերպ ձեռնտու չէ Հայաստանին. Ռուսաստանը կարող է շահագրգիռ լինել ղարաբաղյան հակամարտության միջանկյալ լուծման միայն մի տարբերակի, որի դեպքում ՀԱՊԿ-ի կամ այլ անվան տակ Լեռնային Ղարաբաղում կտեղակայվեն ռուսական զորքեր: Սակայն դա կլինի շատ ավելի վտանգավոր իրավիճակ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար, քան ներկայիս՝ թեկուզ խարխուլ ստատուս-քվոն:

Մի խոսքով, Լևոն Տեր-Պետրոսյանը, մեղմ ասած, չափազանցնում է իր այն գնահատականում, թե Ռուսաստանը կարող է ցանկանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորում: Չափազանցնում է՝ անուղղակիորեն հերթական անգամ ծառայություն մատուցելով Կրեմլին, որի համար այս խառնակ ժամանակներում շատ անհրաժեշտ է ներկայանալ՝ որպես խաղաղարար տերություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ