Արցախում մարտի 19-ին հակառակորդի դիվերսիոն գործողության հետեւանքով զոհված 19-ամյա Արշակ Հարությունյանի հայրը դիմել է Պաշտպանության նախարարությանը եւ մեկնել Տավուշ՝ ծառայելու:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում զոհված զինծառայողի հայրը՝ Կարեն Հարությունյանը, հայտնեց, որ որդու մահվանից հետո է նման որոշում կայացրել:
«Արշակիս դեպքից հետո որոշեցի ծառայության անցնել Տավուշում: Նոյեմբերի 27-ին հրամանս եկել է, մեկնում եմ Իջեւան, հայ-ադրբեջանական սահմանն եմ պաշտպանելու»,- ասաց Կարեն Հարությունյանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2015թ. մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:
Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով մարտի 19-ին ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը եւ Արշակ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել են «Արիության համար» մեդալով: