Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում հրդեհված «Հրազդան Տրանս Սերվիս» ՍՊԸ-ն պատկանում է գործարար Տիգրան Հակոբյանին, որը ավտովերանորոգման համար տարածքը շահագործել է վարձակալության սկզբունքով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հրազդանի քաղաքապետարանի «Բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության» բաժնի պետ Շոթա Խաչատրյանը՝ հավելելով, որ «Հրազդան Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի տնօրենն այժմ Վրաստանում է:
Շոթա Խաչատրյանի նշեց, որ դեռեւս ոչ մի վարկած չկա, թե հրդեհն ինչի հետեւանքով է բռնկվել, սակայն, բացառեց, որ ինչ-որ մեկը եկած, դիտավորությամբ հրդեհած լինի ավտովերանորոգման կետը:
«Պատահականություն է եղել, կարծում եմ, դժվար՝ ինչ-որ դիտավորյալ բան լինի: Երեւի ինչ-որ բանից է առաջացել, բայց կարծեմ՝ գազաֆիկացված էլ չի տարածքը: ԱԻՆ-ն այստեղ է պատճառներն ու վնասի չափերը կճշտվեն շուտով»,-ասաց Հրազդանի քաղաքապետարանի «Բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության» բաժնի պետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, նոյեմբերի 30-ին, ժամը 02.37-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում այրվում է ավտոտնակ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զ. Անդրանիկի պողոտայում գտնվող «Հրազդան Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի տարածքում գործող ավտովերանորոգման կետում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.14-ին, մարվել՝ 04.01-ին:
Ամբողջությամբ այրվել է ավտովերանորոգման կետը (7մX12մ)` գույքով, ներսում կայանված «BMW X6» մակնիշի եւ «ՎԱԶ 21010» մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենաները, ջերմահարվել են կից չորանոցում (7մX6մ) կայանված «Opel Astra J» մակնիշի առանց պ/հ ավտոմեքենան եւ 2 աթոռ: