News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ նոյեմբերի 30-ին, կհրապարակի 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքի մասին որոշումը:

Հայկ Կյուրեղյանը դատարան է եկել «Կեցցե՛ Հայաստանը, որը վաղն է գալու» գրությամբ պաստառով եւ պահանջում է բեկանել առաջին ատյանի՝ 9 տարվա ազատազրկման դատավճիռը եւ արդարացնել իրեն:

«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Կյուրեղյանը, ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ Վերաքննիչում հրաժարվեց իրեն տրամադրված հանրային պաշտպանի ծառայություններից՝ պատճառաբանելով, որ ինքը Հայաստանի դատարանները իրավական համակարգ չի համարում եւ պաշտպանվելու եւ պաշտպանի կարիք չունի:

«Անկախ նրանից, թե այս մանկլավիկ դատարաններն ինձ կարդարացնեն, թե չէ, ես գիտեմ, որ հասարակությունն ինձ հասկացել է, եւ գիտի՝ ինչի եմ այդ քայլին գնացել»,-ասաց դատապարտյալը:

Հայկ Կյուրեղյանը նշեց, որ ինքը իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ, քանի որ կարծում է, որ այն «բամբասկոտ կնոջ ասածներ են»:

«Իրավական առումով անգրագիտություն է այս մեղադրանքը: Այնտեղ գրված է, որ Հայկ Կյուրեղյանը իր գերակայությունը ի ցույց դնելու համար է մեքենայի վրա բարձրացել: Հիմա ես չեմ հասկանում մեղադրվում եմ իմ գերակայությունը ի ցույց դնելու մե՞ջ, թե՞ հասարակական կարգը խախտելու»,-ասաց նա:

Հայկ Կյուրեղյանը Վերաքննիչից պահանջեց այն բոլոր դատաքննությունների արձանագրությունները, որոնց ներկա չի եղել, քանի որ զրկված է եղել նիստերին մասնակցելու իրավունքից: 

Նշենք, որ դատավոր Սերգեյ Չիչոյանն այս պահին խորհրդակցական սենյակում է: Քիչ անց կհրապարակվի Հայկ Կյուրեղյանի Վերաքնննիչ բողոքի որոշումը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին  «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման դատապարտեց Հայկ Կյուրեղյանին:

 

Տպել
Ամենաշատ