News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը զգուշացում է տարածել 2015 թ. դեկտեմբերի 1-ից Երեւան քաղաքում նախատեսված հավաքների անցկացման կապակցությամբ։

«ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել.

1/ Հավաքների մասնակիցների եւ այլ անձանց անվտանգության ապահովման նպատակով առաջիկա օրերին ՀՀ ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի եւ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի վերաբերելի բոլոր պահանջներին համապատասխան:

2/ ՀՀ ոստիկանությունը շարունակում է պարբերաբար ստանալ, մշակել եւ վերլուծել հավաքների անցկացման ընթացքում որոշակի անձանց կողմից սադրիչ կամ անօրինական գործողություններ կատարելու հավանականության մասին տեղեկություններ, ինչպես նաեւ ձեռնարկում է այդպիսի գործողությունների կանխմանն ու խափանմանն ուղղված անհրաժեշտ օպերատիվ միջոցներ:

3/ Հանրային անվտանգության ապահովման եւ հասարակական կարգի պահպանության նկատառումներից ելնելով, ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքների կազմակերպիչներին՝ խստորեն պահպանել ի գիտություն ընդունված իրազեկումների պայմանները, բարեխղճորեն կատարել օրենքով իրենց վրա դրված պարտականությունները, հարգել այլոց սահմանադրական իրավունքները, ազատությունները եւ իրավաչափ շահերը:

4/ ՀՀ ոստիկանությունը հորդորում է հավաքների կազմակերպիչներին, կարգադրիչներին եւ մասնակիցներին՝ աեւհրաժեշտության դեպքում համագործակցել ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների հետ, մասնավորապես, նրանց անմիջապես հայտնել իրենց կողմից նկատված ցանկացած կասկածելի երեւույթի կամ վարքագծի վերաբերյալ:

5/ ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի եւ վերաբերելի այլ իրավական ակտերի պահանջների խախտման, ինչպես նաեւ սադրիչ կամ անօրինական գործողությունների կատարման փաստեր արձանագրելու դեպքում կիրառելու է հանրային միջոցառումների մասնակիցների եւ այլոց անվտանգության ապահովմանն ուղղված ու առկա իրավիճակից թելադրվող անհրաժեշտ, համաչափ եւ հասանելի ցանկացած միջոց:

6/ ՀՀ ոստիկանությունը հայտնում է նաեւ, որ հարկադրանքի կիրառման անխուսափելի անհրաժեշտության դեպքում առաջնահերթությունը տրվելու է կանխարգելող եւ խափանող անհատական միջոցներին, ներառյալ՝ սակայն չսահմանափակվելով հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքը կոպտորեն խախտող անձանց հավաքի անցկացման վայրից անհապաղ հեռացնելով, ի գիտություն ընդունված իրազեկումների պայմաններից շեղվող առարկաների կամ տեխնիկական միջոցների օգտագործումն արգելելով եւ այլն:

7/ ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է լրացուցիչ պարզաբանումներ տալ հավաքների կազմակերպիչներին՝ ի գիտություն ընդունված իրազեկումների պայմանների պահպանման կապակցությամբ:

8/ ՀՀ ոստիկանությունն ապահովելու է յուրաքանչյուր անձի կողմից իր պահանջները բարձրաձայնելու, հանրությանը, իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց դրանք ներկայացնելու պատշաճ հնարավորությունը եւ լիահույս է, որ հանրային միջոցառումների անցկացմամբ հետապնդվում են միայն իրավաչափ նպատակներ, իսկ դրանց հասնելու համար գործածվելու են բացառապես օրինական միջոցներ ու եղանակներ»:

Տպել
Ամենաշատ