News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական Նարդարան բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունները կապված են Ադրբեջանում եւ ընդհանրապես Հարավային Կովկասում տիրող սոցիալ-տնտեսական անկայուն իրավիճակի, ինչպես նաեւ ներքաղաքական գործոնի ակտիվացման հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՌԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշեւը:

Նա հիշեցրեց, որ վերջին տվյալներով, Նարդարանում իրավիճակը հանդարտվել է, մարդիկ ցրվել են, ցույցերը՝ դադարել: «Չգիտեմ, թե ստացված հաղորդագրությունների օգնությամբ որքանով կարող ենք հետեւել բնակավայրի իրավիճակին, սակայն միանգամայն ակնհայտ է, որ այդ իրադարձությունները դժվար թե պատահական բնույթ են կրում, թեկուզ այն պատճառով, որ Նարդարանն առաջին անգամ չէ, որ այդպիսի իրադարձությունների՝ կրոնական երանգ ստացած հուզումների թատերաբեմ է դառնում»,- նշեց Արեշեւը:

Ըստ նրա, շատ բան կախված կլինի իրավիճակը վերահսկելու՝ իշխանության ունակությունից, ընդ որում, ոչ միայն ուժային մեթոդներով, այլ հասարակության հետ երկխոսության՝ հաշվի առնելով նրա շահերը:

«Տեղի ունեցածի առիթով կարելի է ամենատարբեր եզրահանգումներն անել, այդ թվում՝ այլընտրանքային տեսակետ ունեցող կազմակերպություններին հետապնդելու համար ուժային կառույցներին ներգրավելու շուրջ, ինչպես դա արեց «Մահմեդական միասնություն» շարժումը: Ինձ թվում է, որ դա կարող է հանգեցնել այդպիսի իրադարձությունների կրկնությանը, որոնք տեղի են ունեցել ոչ միայն 2015 թվականին, այլեւ, օրինակ, 2003-ին: Դեռեւս խորհրդային ժամանակներում Նարդարանը եւ Ապշերոնի թերակղզին Ադրբեջանական ԽՍՀ-ում հատուկ շրջաններ էին, որոնք հատուկ ուշադրություն էին պահանջում»,- ամփոփեց Անդրեյ Արեշեւը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքվից 30 կմ հեռավորությամբ գտնվող Նարդարանում վնասազերծվել է իսլամականների խումբ, որը մի շարք սադրանքներ, ահաբեկչական գործողություններ ու զանգվածային անկարգություններ էր ծրագրում: Գործողության հետեւանքով 4 ցուցարար եւ 2 ոստիկան է զոհվել: Դրանից հետո Ադրբեջանի կենտրոնական լրատվամիջոցներում հիստերիա բարձրացավ, իբր, պետականությունը խարխլելուն ուղղված արտաքին արշավի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ