News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ նոյեմբերի 30-ին, օպերատիվ խորհրդակցության ժամանակ հրահանգել է իր ենթականերին երկխոսության գնալ դեկտեմբերի 1-ից շուրջօրյա հավաքներ նախատեսող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչների հետ:

«Հանդիպեք եւ խոսեք կազմակերպիչների հետ, դա արդյունավետ կլինի: Լինում եք բացարձակապես անկեղծ: Օրենքը լավ կանոնակարգում ա եւ հանրահավաք կազմակերպողների իրավունքներն ու պարտականություները, եւ ոստիկանության: Այստեղ լրացուցիչ ոչինչ պետք չի, կբացատրեք, կասեք, չհասկանան, կասեք՝ վերցրեք կարդացեք օրենքը, եւ բարի եղեք լինել օրենքի մեջ»,- կոլեգիայի անդամների, գլխավոր եւ մարզային վարչությունների պետերի, վարչությունների ու տարածքային բաժինների պետերի հետ խարհրդակցությանը ասել է ոստիկանապետը:

Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է ոստիկանության աշխատակիցներին անկարգությունների դեպքում գործել օրենքի տառին համապատասխան:

«Եթե դեմագոգությունը պետք ա աշխատի, որ անվադողերով ենք գալու, որ բարիկադներ կառուցենք, տաքանանք, եթե տեսնեք ուսերին անվադող է եւ կասեն, որ սա իմ անվադողն ա, ես անվադողով եմ ման գալիս, նույն տրամաբանությամբ կղեկավարվի ոստիկանությունը, որովհետեւ ես օրենքի դիկտատուրայի կողմնակից եմ, եւ դեմոկրատիան հենց օրենքի գերիշխանություն ա ենթադրում: Էդ օրը ոստիկանությունը բացառապես օրենքով է աշխատելու, եւ շատ խիստ ու կտրուկ ա լինելու»,- նշել է ոստիկանապետը:

Վլադիմիր Գասպարյանը կրիկին հիշել է իր սիրելի արտահայտությունը, որ «սա փոքր երկիրա», որտեղ չի կարելի անկարգություններ հանդուրժել:

«Մեր փոքր երկրում սիրում են, չէ՞, մուլտիկներ հանել: Այո՛, սա փոքր երկիր ա, եւ էս փոքր երկրում չի կարելի հանդուրժել խժդժումներ: Ավելի լավա նստեն, մուլտիկներ հանեն, քան թե կռիվ-կռիվ կազմակերպեն ոստիկանության հետ: Ասեք, բացատրեք ու բացարձակ անկեղծ եղեք: Եւ թող որ իրենց արկածախնդրությամբ ոչ մեկին թյուրիմացության մեջ չգցեն: Դա պետք ա հասկացնել, դա պետք ա բացատրել, պետք ա սաստել: Կպահեն օրենքի մեջ, գթասրտությամբ կմոտենանք, չեն պահի, օրենքի մեջ կլինեք շատ խիստ, կտրուկ ու արագ»,-նշել է Վլադիմիր Գասպարյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 1-ից «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Երեւանի Ազատության հրապարակում նախատեսում է շուրջօրյա հավաքներ անցկացնել: Սահմանադրական փոփոխությունների հարաքվեն իշխանափոխությամբ կասեցնել ցանկացող «Ընդդիմության միասնական շտաբի» ներկայացուցիչները ոստիկանության աշխատակիցներին  քննարկում անցկացնելու առաջարկ էին արել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ