News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հինգ տարի առաջ եւ այսօր անհամեմատելի է ԿԳ նախարարության ստեղծած հայալեզու կրթական նյութերի քանակը, որն առկա է համացանցում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ՀՀ Արարատի մարզի Այնթափ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Աշոտյանը նշել է, որ Այնթափի միջնակարգ դպրոցը տիպային ուսումնական հաստատություն է` իրականացված կրթական բարեփոխումների եւ ընթացիկ նախագծերին ծանոթացնելու համար, որովհետեւ այս դպրոցում տեսանելի են վերջին տարիներին կյանքի կոչված գրեթե բոլոր կրթական ծրագրերը:  «Դրանք են` շախմատի լսարանը, նախադպրոցական կրթության համար առանձին հնարավորություն` նախակրթարան, «Դպրոցական սնունդ» ծրագիրը, նոր համակարգչային  լսարաններ, որոնք նախատեսված են մեծ թվով աշակերտներ  ունեցող միջնակարգ դպրոցների համար: Այս դպրոցի օրինակով կցանկանայինք բոլոր մարզերում ունենալ նմանատիպ ուսումնական հաստատություն, որոնք եւ բարեկարգ լինեն, եւ ունենան արհեստավարժ մանկավարժական համակազմ: Ըստ մանկավարժների գնահատականների` նախակրթարան հաճախած երեխաներն ավելի լավ են սովորում դպրոցում, «Շախմատ» առարկան անցած աշակերտներն ավելի լավ են յուրացնում ճշգրիտ եւ բնական գիտությունները: «Դպրոցական սնունդ» ծրագրի շնորհիվ լուծում ենք առողջապահական եւ սոցիալական հարց, որն ունի նաեւ կրթական հետեւանք, որովհետեւ եթե երեխան քաղցած չէ, բնականաբար, նա ավելի լավ է ընկալում  ուսումնական նյութը: Համակարգչային լսարանի շնորհիվ հնարավորություն կտրվի երեխային օգտվել այն զանազան հայալեզու կրթական ռեսուրսներից, որ ստեղծել ենք վերջին տարիներին: Բացի այդ, մոտ ապագայում բոլոր դպրոցների համար նախատեսում ենք նոր վիրտուալ լաբորատորիաներ` հիմնական բնագիտական առարկաներից»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ պետությունը վերջին անգամ խոշոր համակարգչային համակազմ է դպրոցներին տրամադրել 2012 թվականին, երբ ՀՀ Նախագահի ծրագրով շուրջ 2500 համակարգիչ բաժանվեց դպրոցներին:

«Սակայն տեխնիկան շատ արագ մաշվում է, որովհետեւ աշակերտ-համակարգիչ թիվը ներկայումս շատ օպտիմալ է` 17 աշակերտին բաժին է ընկնում  1 համակարգիչ:  Համեմատության համար նշեմ, որ 10 տարի առաջ այն կազմում էր 40/1, այսինք` 25 անգամ այս ցուցանիշը բարելավվել է: Սակայն համակարգիչները պարբերաբար թարմացման կարիք ունեն` 4-5 տարին մեկ անգամ: Բացի այդ, հինգ տարի առաջ եւ այսօր անհամեմատելի է ԿԳ նախարարության ստեղծած հայալեզու կրթական նյութերի քանակը, որն առկա է համացանցում: Դրանք են` դասագրքերը, թեստերը, շտեմարանները, ուսումնական ձեռնարկները, լրացուցիչ գրականությունը, ինտերնետային խաղերը եւ այլն»,-նշել է Արմեն Աշոտյանը լրագրողների խնդրանքով անդրադառնալով նաեւ ոլորտի խնդիրներին:

Նշենք, որ համակարգչային լսարանները ԿԳՆ-ի եւ Համաշխարհային բանկի համագործակցության  շրջանակներում են բացվել: Դրանք շարժական լսարաններ են` նոութբուքեր, որոնք իրենց պահարանով, ինքնուրույն սնուցման եւ կապի համակարգերով հնարավոր է հեշտությամբ տեղաշարժել ցանկացած առարկայի դասավանդման համար: Ծրագրի շրջանակում շուրջ 800 մլն դրամի համակարգչային  սարքավորումներ եւ պրոյեկցիոն սարքեր են տրամադրվել ոչ միայն խոշոր միջնակարգ, այլեւ առաջնահերթության կարգով սահմանամերձ 15 գյուղերի, հիմնականում Տավուշի մարզում:

Տպել
Ամենաշատ