ԼՂՀ կառավարությունը տարեցտարի ավելացնում է կրթության եւ գիտության ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Արցախի պետական համալսարանում ուսանողների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Նա ընդգծել է, որ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում կրթության ու գիտության բնագավառներին՝ տարբեր ծրագրերի հաջող իրականացման նպատակով տարեցտարի ավելացնելով ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցները, որոնք առաջին հերթին պետք է նպաստեն ուսումնական գործընթացի բարելավմանն ու զարգացմանը, կրթության որակի բարձրացմանը, առկա սոցիալական խնդիրների լուծմանը:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ նման հանդիպումները դիտարկում է որպես օգտակար քննարկումների ծավալման, կարծիքների արտահայտման, առաջարկների ներկայացման յուրահատուկ հարթակ: