News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի կայունության համար շարունակական միջազգային աջակցությունը կարեւոր է մի շարք պատճառներով, առաջին հերթին՝ իր ժողովրդի համար: Այդ մասին ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։ Նա դեկտեմբերի 1-ին ներկա գտնվեց եւ ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

Աֆղանստանում տիրող իրավիճակին եւ միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ եւ «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ:

Իր խոսքում նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության եւ ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին:

«Վճռական աջակցություն» առաքելության մեկնարկից գրեթե մեկ տարի անց իրավիճակը շարունակում է մնալ փխրուն, պահպանվում են մարտահրավերները, իսկ կարողությունների բացը դեռ պետք է լրացնել: Աֆղանստանի ժողովուրդը շարունակում է զգալ մեր աջակցության կարիքը:

Աֆղանստանի կայունության համար շարունակական միջազգային աջակցությունը կարեւոր է մի շարք պատճառներով, առաջին հերթին՝ իր ժողովրդի համար: Մենք համոզված ենք, որ դա նաեւ կարեւոր փորձաքար է միջազգային կարողությունների տեսանկյունից՝ մարտահրավերները պատշաճ կերպով դիմագրավելու եւ լուծումներ գտնելու այն իրավիճակների համար, որոնք ունեն համընդհանուր նշանակություն: Հետեւաբար, մեր առաքելության իրականացումը կհանդիսանա միասնական վճռականության եւ հաստատակամության լուրջ ազդակ՝ հանձնառություններ ստանձնելու եւ փորձելու լուծումներ գտնել անգամ ամենաբարդ խնդիրների համար:

Անվտանգության սպառնալիքները ոչ միայն Աֆղանստանում, այլեւ անգամ այնպիսի վայրերում, որոնք մենք չէինք էլ կարող նախկինում պատկերացնել, բացահայտ ցույց է տալիս, որ մեր առաքելությունը չի սահմանափակվում միայն որոշակի աշխարհագրական տարածաշրջանով կամ իրավիճակով, այլ խոսքը գնում է գլոբալ մարտահրավերի մասին, որը պահանջում է միասնական համաձայնեցված արձագանք:

Այս ըմբռնումով էր, որ ավելի քան մեկ տասնամյակ առաջ Հայաստանն սկսեց իր մասնակցությունը խաղաղապահ առաքելություններում՝ սկսելով Կոսովոյից եւ ապա շարունակելով Իրաքում, Աֆղանստանում, Լիբանանում, Մալիում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցերով օգնականը վերջերս հայտարարեց, որ «Հայաստանի աջակցությունը կարեւոր է ոչ միայն իր ներդրման, այլեւ հայոց պատմության եւ նրա ընթացքում հաղթահարված մարտահրավերների տեսանկյունից»: Հիրավի, պատմությունը մեզ սովորեցնում է, որ մեկի անվտանգությունն, ըստ էության, կապակցված է մյուսների հետ: Եվ նույնիսկ մեր սահմաններին առկա լարվածությունը երբեք չթուլացրեց վճռականությունը՝ մեր ներդրումը բերելու աշխարհում խաղաղության ամրապնդման գործում:

Հայկական զորախումբը 2016թ. ընթացքում ներկայիս մակարդակով կշարունակի իր միջազգային հանձնառությունը «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում: Մենք պատրաստ ենք մասնակցել ապագա «Տեւական գործընկերություն» առաքելության մեջ, երբ այն կփոխարինի «Վճռական աջակցություն» առաքելությանը:

Մենք նաեւ կշարունակենք մեր աջակցությունը Աֆղանստանում ներքին ընդգրկուն խաղաղության ապահովման գործընթացին, բարիդրացիական հարաբերությունների խթանմանը, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային համագործակցությանը:

Մենք համոզված ենք, որ ի վերջո միասին հաջողություն կարձանագրենք՝ Աֆղանստանում խաղաղության, եւ կայունության հաստատման գործում՝ ի շահ Աֆղանստանի ժողովրդի, տարածաշրջանի եւ դրանից դուրս», - ասաց նախարար Նալբանդյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ