Զարմանալի զուգադիպությամբ Ռուսաստանը նոյեմբերի 19-ին Սիրիայում Թուրքիայի հետ սահմանին իբր «Իսլամական պետությանը» պատկանող նավթի տանկերները ոչնչացրեց, որից 5 օր հետո Թուրքիան խոցեց ռուսական օդանավը։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի խորհրդարանում «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Էրեն Էրդեմը։
Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում Էրեն Էրդեմը հարցադրում է ուղղել Թուրքիայի էներգետիկայի նորանշանակ նախարար, Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքին՝ հետաքրքրվելով, թե արդյոք նրան են պատկանո՞ւմ այն տանկերները, որոնք Սիրիայում ԻՊ-ի նավթը տեղափոխելու համար ոչնչացրեց Ռուսաստանը։
«Իրականություն է, որ այդ տանկերները Թուրքիայից էին գնացել եւ նավթ էին տեղափոխում։ ՌԴ-ն հարվածեց դրանց, քանի որ տեղեկություն ուներ, որ դրանք պատկանում են ԻՊ-ին։ Վստահելի աղբյուրներից տեղեկություն եմ ստացել, որ այդ 500 տանկերները պատկանում են Ալբայրաքի ընտանիքին»,-ասել է թուրք պատգամավորն իր հարցադրման մեջ։