Ադրբեջանի զինուժի կրակոցից այսօր՝ դեկտեմբերի 11-ին զոհված 21-ամյա պայմանագրային զինծառայող Վարդան Վարդանյանը հաջորդ տարի պատրաստվում էր ամուսնանալ:
«Ընկերուհի ուներ, ուզում էր գումար հետ գցեր, որ հաջորդ տարի ամուսնանար»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա մորեղբայրը՝ Արթուր Սարգսյանը:
Արթուր Սարգսյանը պատմեց, որ Վարդանը 20 օր առաջ էր մեկամսյա արձակուրդից վերադարձել ծառայության:
«Մի շաբաթ առաջ էլ խոսել եմ հետը, ասեց՝ խաղաղ ա, ամեն ինչ նորմալ ա: Ինքը շատ լավ, հոգատար էր թե զինվորի, թե ծառայության հանդեպ: Ընկերների հետ էլ կապը կար, բոլորն իրեն սիրում, հարգում էին»,- ասաց նա:
Վարդան Վարդանյանը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից էր, տան ավագ որդին: Նա 2010թ. ընդունվել էր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, 2014թ. ավարտել այն ու մեկնել ծառայության:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 11-ին` ժամը 08:50-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը:





























