News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


NEWS.am-ին տված հարցազրույցում Լեհաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին հույս հայտնեց, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ բանակցություններն արագ եւ արդյունավետ կլինեն, նշեց հայ-լեհական տնտեսական համագործակցության հեռանկարներն ու ձախողումները, Հայաստանին մաղթեց միշտ մնալ արեւմտյան քաղաքակրթության կենտրոնում.

Ի՞նչ եք ակնկալում Հայաստանի եւ ԵՄ-ի բանակցությունների նոր փուլից, որը մեկնարկել է Բրյուսելում 2015 թ. դեկտեմբերի 7-ին:

Իհարկե մենք շատ գնահատում ենք, որ բանակցությունները սկսվել են: Լեհաստանը Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ կապերի ամրապնդման կողմնակիցներից մեկն է: Մենք ակնկալում ենք շատ արագ եւ արդյունավետ քննարկում: Եվ երկու կողմերն էլ հավատում են, որ բանակցային գործընթացը կավարտվի մինչեւ 2016 թ.: Ես հույս ունեմ, որ ԵՄ-ի հետ Հայաստանի կապը հետեւողական գործընթաց կլինի, երկրի տնտեսությունը կօգտվի դրանից, եւ Հայաստանում մարդու իրավունքների եւ հումանիտար ոլորտում կամրապնդվեն եվրոպական չափորոշիչներ:

2015թ. Հայաստանի եւ Լեհաստանի հարաբերություններում առաջընթաց գրանցվե՞լ է։

Այս պահին լեհ-հայկական ապրանքաշրջանառությունը մեծ չէ, 50 մլն դոլարից քիչ ավելին: Մենք բիզնես համագործակցություն զարգացնելու բազմաթիվ հնարավորություններ ունենք: Եվ հետո, ես 4 տարի աշխատել եմ որպես Լատվիայում Լեհաստանի դեսպան: Չնայած աշխարհագրական տեսակետից Լատվիան Լեհաստանին մոտ է եւ ԵՄ անդամ երկիր է, այդուհանդերձ Հայաստանի վերաբերյալ կարծրատիպերը Լատվիայի համեմատ ուժեղ են: Երբ ես իմ ընկերներին հրավիրում էի ինձ այցելել Լատվիայում, ասում էի, որ այն շատ հետաքրքիր երկիր է, նրանք պատասխանում էին. « Չէ, Լատվիան շատ հեռու է»: Իսկ երբ ես նույնը ասում էի Հայաստանի մասին, նրանք ասում էին. «Այո, Հայաստանը շատ կարեւոր երկիր է: Մենք պետք է հնարավորինս շուտ այցելենք Հայաստան»: Դա, իրոք, այդպես է. սովորական լեհերը Հայաստանի մասին շատ բան գիտեն:

Տնտեսական փոխգործակցության ամենամեծ խնդիրը կապված է, մասնավորապես, Հայաստանում «Լյուբավա» ընկերության գործունեության հետ: Մենք հույս ունեինք, որ 2015 թ. այդ լեհ-հայկական ընկերությունը օգուտ կբերի, բայց այդպես չեղավ: Եվ դա մենք համարում ենք 2015 թվականի ձախողումը: Բացի դրանից, կա նաեւ երկրորդ խնդիրը. Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Դա մեծ խնդիր է սննդամթերքի մեր արտահանողների համար, ովքեր բախվում են ֆիտոսանիտարական խոչընդոտների: Հայաստանը մեծ շուկա չէ, եւ նոր ծախսերի անհրաժեշտությունը հանգեցնում է նրան, որ շատ արտահանողներ հրաժարվում են իրենց ծրագրերից ու նույնիսկ ներդրումներ չեն անում: Լեհաստանի համար շատ կարեւոր են Հայաստանում արվող ներդրումները, նաեւ Հայաստանի ու Լեհաստանի համագործակցությունը երրորդ երկրների հետ: Ես հույս ունեմ, որ Հայաստանի ու Լեհաստանի միջեւ տնտեսական հեռանկարները կկրկնապատկվնեն կամ կեռապատկվեն: Բայց շատ բան կախված է Հայաստանի գործընկերներից, նաեւ «Լյուբավա» ընկերության հաջողությունից կամ ձախողումից, քանի որ դա առաջին լեհական ներդրումն է, իսկ մյուս ներդրողները ուսումնասիրում են այդ փորձը:

Ինչպե՞ս եք նշում Սուրբ ծնունդն ու Նոր տարին: Պատմեք, խնդրում եմ, Նոր տարին դիմավորելու լեհական ավանդույթների մասին:

Իհարկե, կան լեհական բազմաթիվ ամանորյա ավանդույթներ: Դրանցից առաջինը դեկտեմբերի 24-ին Սուրբծննդյան ընթրիքն է: Դա լեհական Սուրբծննդյան ավանդույթների հիմքն է: Մենք պատրաստում ենք 12 կերակրատեսակ՝ ձկից, կաղամբից ու սնկից: Պատրաստվում են նաեւ զանազան քաղցրավենիքներ, տորթեր: Ավանդաբար հավաքվում են մեծ ընտանիքներով: Իհարկե, Հայաստանում ավանդական մեծ ընտանիքի դերակատարումը ավելի մեծ է, քան եվրոպական երկրներում: Լեհաստանն այս հարցում միջանկյալ տեղ է զբաղեցնում: Հաջորդ ավանդույթը Սուրբ պատարագն է: Կեսգիշերին լեհական ընտանիքների մեծ մասը, անկախ իրենց կրոնապաշտության աստիճանից, գնում են եկեղեցի՝ Պաստերկային ( լեհերեն՝ պատարագ) ներկա գտնվելու համար:

Ավանդաբար տոնակատարությունների առաջին օրը նախատեսված է ընտանիքի համար, երկրորդ օրը ընկերներին այցելելու ժամանակն է, ու շատերը նաեւ եկեղեցի են գնում: Եվ վերջապես, Սուրբ ծնունդը ամենակարեւոր տոնն է երեխաների համար: Մենք նրանց համար նվերներ ենք դնում տոնածառի տակ ու տոնական ընթրիքից հետո երեխաները սկսում են փնտրել դրանք:

Ի՞նչ կմաղթեիք հայ ժողովրդին:

Նախ՝ խաղաղություն, դա շատ կարեւոր է, հետո՝ բարգավաճում, երջանկություն: Եվ որպեսզի Հայաստանը, ինչպես իր բազմադարյա պատմության ընթացքում, շարունակի մնալ արեւմտյան տարածքի, արեւմտյան արժեքների ու արեւմտյան քաղաքակրթության կենտրոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ