Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում դեկտեմբերի 31-ին կեսարյան հատումով լույս աշխարհ եկած փոքրիկի մայրը՝ 26-ամյա Արաքսյա Դանիելյանը,  մահանալուց առաջ ամուսնուն խնդրել է որդուն իր հոր անունով`Ռուբեն կոչել:

«Իր երազանքն է եղել, որ երբ տղա ունենա, նրան հոր անունով կոչի: Մահանալուց օրեր առաջ, երբ գիտակցությունը դեռ տեղն էր, անձեռոցիկի վրա գրել էր՝  մի խնդրանք ունեմ՝ երեխայի անունը դրեք Ռուբեն»,- NEWS.am-ին պատմեց մահացած ծննդկանի տեգրը՝ Արման Քոչարյանը:

Արմանը պատմեց, որ Արաքսյան կեսարյան հատումից հետո չէր խոսում, սկզբում հեռախոսի, հետո թղթի վրա էր գրում՝ ինչ ցանկանում էր ասել:

«Վերջին օրերին ինչ ասել է, թղթի վրա է գրել: Մատերը որ դողում էր, հեռախոսի վրա դժվարությամբ էր գրում, թղթի վրա էր գրում»,- պատմեց Արմանը:

Արաքսյան ամենից շատ իր դստեր՝ Սուսաննայի մասին է հարցրել: 4-ամյա աղջնակը, որը մոր մահից առաջ նրան նամակով խնդրել էր «ապերիկի հետ շուտ տուն գալ», մինչեւ հիմա իր նամակի պատասխանին է սպասում, հորն ամեն օր հարցնում է՝ «քանի անգամ պետք է քնի ու արթնանա, որ մաման վերադառնա»:

«Մամա ջան, քեզ լավ կպահես, ախպորս լավ կպահես, քեզ ճաշ եմ բերելու, որ լավանաս: Քո համար սոկ եմ պահել, որ գաս, խմես ու շուտ լավանաս: Մեր հավաքած փողը տվել եմ պապային, որ բերի տա քեզ, ապերիկին առնեք ու գաք տուն»,- հարազատների օգնությամբ մորը ուղղված նամակում գրել է փոքրիկ Սուսաննան։

19 օրական Ռուբենի վիճակը կայունացել է, նա համապատասխան քաշ հավաքելուց հետո դուրս կգրվի հիվանդանոցից։

26–ամյա Արաքսյա Դանիելյանը մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հունվարի 13-ին: Նա Արմավիր քաղաքից էր, դեկտեմբերի 26-ին ընդունվել է Արմավիրի բժշկական կենտրոն, 3 օր անց տեղափոխվել Երեւան: Նրա ամուսնու՝ Արցախ Քոչարյանի պնդմամբ՝ Արմավիրի բժշկական կենտրոնի բժիշկ-թերապեւտ Անդրանիկ Պապոյանը մի քանի օր շարունակ ստուգել է կնոջ թոքերը ու հավատացրել, որ ամեն ինչ կարգին է, մինչդեռ 3 օր անց, երբ իրենց պահանջով ռենտգեն հետազոտության է ենթարկել կնոջը, թոքաբորբ է ախտորոշել ու կնոջ բուժումը ուշացել է:

Նշենք, որ ըստ առողջապահության նախարարության հաղորդագրության՝ ծննդկանի մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1 չի հայտնաբերվել: