News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ը եւ «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ն այսօր`հունվարի 22-ին, Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված երիտասարդական միջոցառում անցկացրին:

NEWS.am-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչներից Հակոբ Կազանչյանը նշեց, որ իրենց նպատակն է խրախուսել եկեղեցական եւ ազգային տոնի տարածումը երիտասարդության շրջանում, ինչպես նաեւ Հայրենիքում բնակվող սիրիահայ երիտասարդների ներգրավումը քաղաքացիական կյանք։

«Մեր նպատակը ազգային տոների պահպանումն է երիտասարդության շրջանում, որպեսզի հետագայում նրանք իրենց ընտանիքներում սերմանեն այդ ավանդույթները եւ դրանցով ապրեն»,-ասաց Հակոբ Կազանչյանը:

Միջոցառման մասնակիցների բաժանվեցին ԵԵ ՈՍՏԱՅՆ-ի եւ Երիտասարդական ակումբների դաշնության տեղացի եւ եվրոպացի կամավորների կողմից պատրաստած աղի բլիթներ:

Միջոցառման ընթացքում տեղաբնակ եւ սիրիահայ երիտասարդները համատեղ հանդես եկան ազգային երգի եւ պարի կատարումներով` ներկայացնելով Քեսապի պարը, մրցութային խաղեր, հաղթողներին բաժանվեցին նվերներ:

Երիտասարդներին օրհնեց Նորագավթի Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վարդան քահանա Գափոյանը, ով մեկնաբանեց տոնի խորհուրդն ու ներկայացրեց այն նշելու արարողակարգը:

«Սուրբ Սարգսի կերպարը անդավաճան նվիրումի խորհրդանիշ է, որը օգնել է մեզ, զորացրել է, որպեսզի մենք մեր հավատի մեջ անսասան մնանք: Եւ այսօր յուրաքանչյուրս,  հատկապես` երիտասարդները մեկը մյուսին սիրելիս պետք է երբեք չդավաճանենք մեր սերը ու դրա հետ մեկտեղ նաեւ չդավաճանենք այն համոզմունքները, որոնք քարոզում է Ավետարանը»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց տեր Վարդան քահանա Գափոյանը:

Միջոցառումը ավարտվեց երիտասարդների շուրջպարով, որը խորհրդանշում էր միասնականությունն ու հայրենիքում ապրելու, այն շենացնելու հաստատակամությունը:

Նշենք, որ միջոցառման աջակիցներն էին Արարատյան Հայրապետական թեմը, Երիտասարդական ակումբների դաշնությունը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ն:

Տպել
Ամենաշատ