Երեւանի Շենգավիթ ԲԿ-ից Էրեբունի ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հարազատները չեն հավատում, որ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը առողջական խնդիրներ ունի եւ ի վիճակի չէ մասնակցել քննչական գործողություններին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մերի Մարգարյանի հայրը ՝ Վաղինակ Մարգարյանը, նշեց, որ իրենք միջնորդելու են, որպեսզի փորձաքննություն նշանակվի՝ պարզելու բժշկուհին իսկապես առողջական խնդիրներ ունի, թե ոչ: «Շուշանիկ Բախշյանը շատ մտերմիկ հարաբերություններ ունի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի հետ, եւ համոզված ենք, որ սա բեմադրություն էր, որ խանգարեն քննչական գործողություններին, փորձաքննությունը ամեն ինչ կպարզի»,-ասաց Վաղինակ Մարգարյանը:

Բժիշկները քննչական կոմիտեին հայտնել էին, որ Բախշյանն առողջական խնդիր ունի եւ չի կարող մասնակցել որեւէ քննչական գործողություն, սակայն հայտնի չէ, թե որքան ժամանակով: «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից մեզ չհաջողվեց պարզել, թե ինչ վիճակում է բժշկուհին:

Նշենք, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 23-ին պարտավորեցրել է քննիչին ազատ արձակել նախօրեին ձերբակալված Շուշանիկ Բախշյանին: Ըստ բժշկուհու փաստաբանի՝ քննիչը դատարանի դահլիճից «փախել է»:

Հիշեցնենք, որ Շուշանիկ Բախշյանին են հարազատները մեղադրում ծննդկանի եւ նորածնի մահվան մեջ: Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:

Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։