News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Հայաստանի Դեւիդ Բեքհեմն է, ազգային հերոս: Այսպես է բնութագրել նրան լրագրող Շինա Մակքինզին, որը CNN-ի «Մետաքսե ճանապարհ. անցյալը, ներկան եւ ապագան» խորագրով նախագծի շրջանակում հրապարակված իր ռեպորտաժում Լեւոն Արոնյանի կենսագրության միջոցով բացահայտել է փոքրիկ Հայաստանի՝ շախմատային գերտերություն լինելու ֆենոմենը:

«Երբ Լեւոն Արոնյանը քայլում է իր ծննդավայր Հայաստանի փողոցներով, մարդիկ նրան ողջունում են, ռեստորանները նրան անվճար են սպասարկում, իսկ ծնողներն իրենց նորածին երեխաներին կոչում են նրա անունով»,- գրում է հեղինակը:

Լրագրողը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Հայաստանում նման ժողովրդականություն է վայելում ոչ թե դերասանը, քաղաքացիական ակտիվիստը, կամ տիեզերագնացը, այլ շախմատիստը:

Նա հայերին նկարագրում է որպես «շախմատամոլներ»:

«Առաջին անգամ, երբ նշանածս Հայաստան եկավ, եւ բենզալցակայանում մեզ անվճար սպասարկեցին, դա նրան ապշեցրեց»,-լրագրողին պատմնել է Լեւոն Արոնյանը:

Ի դեպ՝ հոդվածի հեղինակը Արոնյանի նշանածին՝ ֆիլիպինյան արմատներով ավստրալիացի Արիանա Կաոիլիին, որը նույնպես շախմատի միջազգային մրցաշարերի հաղթող է, բնութագրում է որպես շախմատային աշխարհի Աննա Կուրնիկովա:

Հայաստանում շախմատի կարեւորությունը ընդգծելու համար հոդվածագիրը հիշեցնում է, որ Հայաստանը առաջին երկիրն է, որտեղ շախմատը դպրոցական ծրագրի պարտադիր առարկա է, երկրի նախագահը նաեւ Շախմատի ֆեդերացիայի նախագահն է, եւ Հայաստանը առաջիններից է աշխարհում բնակչության մեկ շնչին ընկնող գրոսմայստերների թվով:

Արոնյանի հռչակը համեմատելով Բեքհեմի հռչակի հետ՝ հոդվածագիրը միեւնույն ժամանակ ընդգծում է, որ շախմատիստը հայտնի ֆուտբոլիստի ինքնագոհ կեցվածքը չունի, համեստ է, սակայն իր անկեղծությամբ կարողացել է հազարավոր երկրպագուների սրտեր գրավել:

Գիտնականների ընտանիքում ծնված Արոնյանին ինը տարեկանում շախմատ է սովորեցրել խաղալ նրա քույրը, եւ հենց նույն տարում էլ տղան դարձել է պրոֆեսիոնալ շախմատիստ։

Նա տարվա յոթ ամիսը ճանապարհորդում է, խաղում տարբեր միջազգային մրցաշարերում, որտեղ մի քանի հազար դոլարից մինչեւ ավելի քան 1 մլն. դոլարի մրցանակներ է ստանում: Հեղինակը միեւնույն ժամանակ նկատում է, որ Հայաստանում գրոսմայստերները պետությունից ամսական 120 ԱՄՆ դոլարին համարժեք գումար են ստանում:

«Սակայն երկրում շախմատի հանդեպ սերը իսկապես հասկանալու համար պետք է փողոց դուրս գալ»,- գրում է նա՝ նշելով, որ այստեղ շախմատ են խաղում ամենուրեք՝ սրճարաններում, այգիներում, ընտանեկան հավաքույթների ժամանակ, խաղում են բոլոր տարիքի մարդիկ:

«Սա գենետիկ է: Ինձ հանդիպած շախմատ խաղացող մարդկանց մեծ մասը ասում են, որ խաղալ սովորել են իրենց ծնողներից, կամ պապիկներից»,- հեղինակի հետ զրույցում ասել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի շախմատի ակադեմիայի համահիմնադիր Արամ Հաջյան:

Նրա խոսքով՝ շախմատը երեխաների սովորեցնում է ռազմավարական մտածողություն, պլանավորում, տրամաբանություն, ստեղծագործական մոտեցում, ինչպես հարկ եղած ժամանակ զոհաբերել, եւ լինել բարեկիրթ հաղթող:

Ըստ հեղինակի՝ Հայաստանի սիրավեպը շախմատի հետ սկսվել է 60-ականներին, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն:

Պետրոսյանի պատմական հաղթանակը Բոտվիննիկի նկատմամբ 1963թ. հեղինակը համեմատում է ԱՄՆ-ում Քենեդիի սպանության հետ. Հայաստանում բոլորը հիշում են, թե որտեղ են իրենք եղել այդ պահին:

«Համազգային այդ էյֆորիան բեկումնային դարձավ հայ ժողովրդի համար»,-ասել է Հաջյանը՝ հիշելով, որ պատմական հանդիպումները հայերը դիտում էին կոլեկտիվ՝ Օպերային թատրոնի շենքի առջեւ տեղադրված մեծ էկրանով:

Խորհրդային միության մաս կազմող փոքրիկ Հայաստանի համար, ըստ նրա, Տիգրան Պետրոսյանը դարձավ ազգային ոգու վերածննդի նման մի բան:

Հեղինակը նշում է, որ մեծ ողբերգություն ապրած ազգի համար շախմատն այժմ դարձել է ազգային հպարտության եւ ինքնության գիտակցության կարեւոր աղբյուր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ