News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երեւանի Նալբանդյան 106 շենքի բնակիչները բողոքում են կառուցվող ներբակային շենքի հարկայնության դեմ: Նրանց խոսքով, կառուցապատող «Ավագ շին» ընկերության հետ նախնական պայմանավորվածություն է եղել, որ կառուցվելու է 7 հարկանի շենք, սակայն այժմ կառուցվում է 9 հարկանի, որը իրենց բնակարանները զրկում է արեւի լույսից: NEWS.am-ի հետ զրույցում բնակիչներից Ռիտա Կարապետյանը նշեց, որ բացի այդ իրենք արդեն հոգնել են «անվերջ» կառուցվող շենքի պատճառած անհարմարություններից, աղմուկից, բացի այդ կառուցապատող ընկերությունը կտրել է շենքի տարածքում գտնվող ծառերը` զրկելով իրենց կանաչ տարածքից:

«Մեզ սկզբից խոստացել էին, որ շենքը 7 հարկանի է լինելու, բայց վերջում ստացվեց, որ 9 հարկանի են կառուցում, դա եղել է քաղաքապետարանի պաշտոնական խոստումը, որը չի կատարվել: Արդեն 3-4 տարի է այս աղմուկի տակ ենք, հիմա էլ մեր բնակարանները լույսից են զրկում: Բացի այդ կառուցվող շենքի տարածությունը քանի որ շատ  լայն ա, խնդրեցինք, որ յառուսներով շենքն ավելի նեղացնեն, որ այսքան ճնշող չլինի, դա էլ չարեցին»,-ասաց Ռիտա Կարապետյանը:

«Ավագ շին» կառուցապատող ընկերության շինարարության ղեկավար Համլետ Գարսեւանյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ կառուցվում է բազմաֆունկցիոնալ 9 հարկանի շենք. շենքի առաջին հարկում լինելու է մանկապարտեզ, երկրորդ հարկում բնակելի տներ, իսկ մյուս հարկերում գրասենյակային տարածքներ: Նրա խոսքով, շենքը կառուցվում է այն նախագծով, որն ի սկզբանե եղել է, փոփոխություն չի կատարվել եւ բնակիչների մտահոգությունն անհիմն է:

«Տ արածքի բարեկարգում է լինելու, մոտ 150 ծառ ենք տնկելու, կանաչապատելու ենք տարածքը, կայանատեղիներ ենք կառուցելու բնակիչների համար: Ութ ժամ արեւ կա, օրվա որ ժամին էլ նայես, արեւը շենքի վրա ա ընկած, չեմ հասկանում ինչի են բողոքում»,-ասաց Համլետ Գարսեւանյանը` նշելով, որ ի սկզբանե նախատեսված է եղել կառուցել 9 հարկանի շենք:

Շինարարության ղեկավարի խոսքով, նորակառույցի տեղում եղել են հողե տներ, որոնք քանդվել են բնակիչների հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո: Քանդված շուրջ 13 տների բնակիչները բնակարան կստանան նորակառույցում:

«Տեղում եղել են հին հողե տներ, որոնք քանդվել են, իսկ բնակիչներին բնակարաններ են տրվելու նորակառույցում: Քաղաքի կենտրոն է, մաքրել ենք, կռիսանոց էր, չեմ հասկանում, թե ինչի են բողոքում, մեկա մենք բողոքական ազգ ենք, ամեն ինչից բողոքում ենք»,-ասաց Համլետ Գարսեւանյանը` նշելով, որ շենքի կառուցապատումը նախատեսված է ավարտել մինչեւ 2017թ., բայց հնարավոր է, որ այն ավարտվի նոյեմբերին:

Տպել
Ամենաշատ