News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի նախկին տնօրեն Լեւոն Սահակյանը լրատվամիջոցներից է տեղեկացել, որ քոլեջի ուսանողների մի մասն իրեն աշխատանքի վերականգնելու պահանջով դասադուլ է հայտարարել:

«Ես տեղյակ չեմ եղել ընդհանրապես, նոր եմ տեղեկանում: Նախարարություն ուղղված նամակի մասին էլ ինձ նախարարությունից են տեղեկացել: Մի անգամ եմ դրանից հետո մի քանի ուսանողի հանդիպել քոլեջում, ես ասել եմ իրենց, որ իմաստ չունի, երեխա են, իրենք իրենցն են պնդում, ես չեմ կարող իրանց պարտադրել, թե ինչ անեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լեւոն Սահակյանը:

Լեւոն Սահակյանը նշեց, որ իր աշխատանքից հեռացման պատճառը ներքին աուդիտի ուսումնասիրություններով հայտնաբերված խախտումներն են եղել, որոնք, իր պնդմամբ, առաջացել են ավելի շատ օրենքի չիմացության հետեւանքով:

«Պիտի համապատասխանի գնումները համակարգին, չի համապատասխանել, մի քիչ ավելին է ծախսվել, քան պետք է: Կապված է հիմնականում գույքի հետ»,- ասաց նա:

Նշենք, որ փետրվարի 1-ին ուսանողների անունից բաց նամակ էր տարածվել՝ ուղղված ՀՀ նախագահին ու վարչապետին: Նամակում ասվում է, որ իրենք հունվարի 18-ին դիմել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին` խնդրանք-պահանջով, որպեսզի Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի` աշխատանքից ազատված տնօրեն Լեւոն Սահակյանը վերականգնվի իր պաշտոնում, սակայն մինչեւ այժմ պատասխան չեն ստացել, այդ պատճառով դասադուլ են հայտարարում այնքան ժամանակ, մինչեւ պահանջը կատարվի:

Նրանք պահանջը հիմնավորել են նրանով, որ Լեւոն Սահակյանը եղել է լավ տնօրեն, իրենց համար լավ ընկեր, աջակցել է պարապմունքների հնարավորինս արդյունավետ կազմակերպմանը, միշտ ընդառաջել է ուսանողներին թե որպես տնօրեն, թե որպես դասախոս: Նրանք նշել են, որ դասադուլ են սկսում մինչեւ այն ժամանակ, երբ կբավարարվի իրենց պահանջը եւ տնօրենը կվերականգնվի:

Նշենք, որ հունվարի 12-ից քոլեջի տնօրենի պարտականությունները կատարող Անահիտ Մազմանյանը NEWS.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ դասադուլ չկա իրենց մոտ, քոլեջ է հաճախել ուսանողների մեծ մասը, իսկ թե ովքեր են դասադուլ հայտարարածները, իրենք տեղյակ չեն:

Քոլեջում գտնվող այն ուսանողները, որոնք ստորագրել էին նախարարին ուղղված նամակի տակ, նշեցին տեղյակ չեն դասադուլից:

Տպել
Ամենաշատ