News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը համաձայն չէ այս տարվա առաջին օրերին հղիության 26-րդ շաբաթում մահացած Գրետա Տոնոյանի ծնողների պնդմանը, որ Գրետայի կյանքը հնարավոր չի եղել փրկել, քանի որ ժամանակին ճիշտ ախտորոշում եւ բուժում չի արվել: NEWS.am-ի հետ զրույցում բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ ծննդատուն ընդունվելու առաջին օրվանից 20-ամյա Գրետան  ենթարկվել է անհրաժեշտ հետազոտությունների ու ստացել անհրաժեշտ բուժումը:

«Ընդունվել է, անմիջապես կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները, նշանակվել են այն դեղանյութերը, ինչ տիպիկ թոքաբորբի ժամանակ: Նա ստացել նատրի քլոր, վիտամին C, դիկլոֆենակ, այս դեպքում ամենասպեցիֆիկ պրեպարատը ` տամիֆլյու: Ինչ տիպի թոքաբորբ էլ առաջանար` օջախային, թե խիստ, նա ընդունման ժամից ստացել է այն դեղանյութերը, ինչ ստանում են տիպիկ թոքաբորբի ժամանակ»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը` ցույց տալով հիվանդության պատմագրում արված գրառումները դեղորայքի ստացման վերաբերյալ:

Ըստ հիվանդության պատմագրի` դեկտեմբերի 26-ին Գրետա Տոնոյանին թերապեւտ է հետազոտել, թոքաբորբ չի հայտնաբերվել, շարունակվել է նույն բուժումը: Դեկտեմբերի 28-ին,  երբ ռենտգեն հետազոտությամբ նրա մոտ հայտնաբերվել է թոքաբորբ, թոքաբանը հիվանդության պատմագրում գրել է` շարունակել նույն բուժումը:

«Ռենտգենը հարցի էության մեջ ոչինչ չի փոխում: Ռենտգեն կատարվում է` տեսնելու համար` թոքերում փոփոխություն կա, թե ոչ: Բայց միեւնույն է` լիներ, թե ոչ, նրա բուժումը տարվել է որպես թոքաբորբի: Բուժումն այնքան ճիշտ ու գրագետ է եղել, որ թոքաբանը գրել է` շարունակել նշված բուժումը»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը:

Նշենք, որ Գրետա Տոնոյանին դեկտեմբերի 29-ին տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, դեկտեմբերի 31-ին կեսարյան հատում էին արել եւ հեռացրել պտուղը, ինչից երկու օր անց Գրետան մահացել էր:

Անդրադառնալով պտուղը պահանջելու` Գրետայի ծնողների պահանջին, Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ ըստ կառավարության որոշման` իրենք պարտավոր էին պտուղը ուղարկելու դիահերձման, իսկ եթե ծնողները ցանկանում էին վերցնել այն, պետք է ասեին հենց այդ օրը:

«10-ը օրից ավելի անցել է, նոր ասել են, որ ցանկանում են վերցնել: Ուզում էին, պետք է այդ րոպեին ասեին, հրաժարվեին դիահերձումից, վերցնեին, տանեին։ Ամեն դեպքում, ես ասել եմ լաբորատորիայի վարիչին, երբ ուզում են, կարող են գնալ, տանել»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ NEWS.am-ին տված հարցազրույցում մահացած հղիի մայրը ասել էր, որ բժշկական կենտրոնից իրենք պահանջում են պտուղը՝ այն Գրետայի կողքին հուղարկավորելու համար, սակայն չեն տրամադրում:

Գրետա Տոնոյանը մահացել է հունվարի 2-ին: Դեկտեմբերի 25-ին  ընդունվել է «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատուն, ունեցել է ջերմություն: Նա մի քանի օր բուժում է ստացել այնտեղ, վիճակը վատացել է դեկտեմբերի 29-ին, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, ապա` «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանցման բաժանմունք, որտեղ դեկտեմբերի 31-ին կեսարյան հատում էին արել, դրանից երկու օր անց Գրետան մահացել էր: Գրետա Տոնոյանի հարազատները պնդում են, որ պատահածը բժիշկների անփութության հետեւանք է, նա ժամանակին ռենտգեն հետազոտության չի ենթարկվել: Բժիշկները պնդում են, որ ամեն ինչ արվել է ըստ անհրաժեշտության, Գրետայի մոտ զարգացել է սուր թոքաբորբ, որը կարող է անգամ մի քանի ժամում մահ առաջացնել:

Գրետա Տոնոյանը առաջնեկին էր սպասում: Նա ապրում էր Արմավիրի մարզի Գայ գյուղում:

Լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Տպել
Ամենաշատ